Լրահոս

02.06.2020 17:35


Կորոնավիրուսով հիվանդ ամուսիններին չեն հոսպիտալացնում. նրանց խնամում է հղի հարսը

Կորոնավիրուսով հիվանդ ամուսիններին չեն հոսպիտալացնում. նրանց խնամում է հղի հարսը

Արարատի մարզի Ազատավան գյուղի 66-ամյա բնակչուհին, որ 9 օր է՝ կորոնավիրուսի սիմպտոմներ ունի, սակայն մինչև այսօր նրան չեն հոսպիտալացրել, սրտի քրոնիկ հիվանդություն ունի, այս պահին անկողնային վիճակում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝ Մարիամ Թադևոսյանը։

«Ջերմությունը բարձրացել է 39,5, ինքն էլ թուլացած պառկած է։ Նույնը և հայրս, որի մոտ արդեն 6 օր է՝ սիմպտոմներ կան։ Ինքն էլ ունի թոքերի խնդիր։ Ես Հայաստանում չեմ գտնվում, իրենց խնամողը, սրսկողը հարսս է, որն էլ 5 ամսական հղի է»,-պատմեց նա։

66-ամյա կինը, ամենայն հավանականությամբ, վարակվել է Նորագավիթում կարի ֆաբրիկայում աշխատելու ժամանակ։ Նրա կոլեգաներից մեկի՝ կարանտինում գտնվելու պատճառով ղեկավարության խնդրանքով ստիպված է եղել աշխատել մինչև մայիսի 20-ը, թեև դրանից ավելի վաղ որոշել է դուրս գալ աշխատանքից։ Մայիսի 24-ից նրա մոտ առաջին սիմպտոմներն են երևացել։

«Մտածեցինք՝ մրսել է․ անցավ երեք-չորս օր, 5-րդ օրը հասկացանք՝ մի բան այն չի։ 6-րդ օրն էր, մաման զանգեց բուժարան, բուժարանից ոչինչ չարեցին, մամաս ստիպված զանգեց շտապօգնոթյուն, ասում են՝ ինչի՞ եք մեզ զանգել, ձեր տեղամասի բժիշկը պիտի շտապօգնություն զանգեր, գային, տանեին թեստավորման։ Հետո լավ է, որ եկան, թեստավորման տարան։ Պատասխանը եկավ երկուշաբթի միայն, բայց կիրակի արդեն գիտեին, որ հաստատվել է։ Կիրակի վատացել էր վիճակը, ջերմությունը բարձրացել, զանգել էր բուժարան, ասել՝ մի բան նշանակեք, մի դեղ էր նշանակել բժիշկը, որը մի անգամ օգրագործելուց հետո մայրիկիս մոտ ստամոքսի խնդիրներ առաջացան, ոչինչ ուտել չէր կարողացել, զանգել, բժշկին ասել է, նա էլ ասել է՝ մի խմի էլ, ուրիշ, ստամոքսի ցավի դեղ է նշանակել։ Երկուշաբթի ժամը 11-ին զանգում, ասում են՝ հաստատված է, ժամը 3-ին ասում են՝ կգանք, կտանենք կպառկացնենք, բայց չեն գալիս, հիմա էլ 9-րդ օրն է, մինչև հիմա չեն տարել հոսպիտալացնելու, թուլացած պառկած են թե հայրս, թե մայրս»,-պատմեց կնոջ դուստրը։

Մինչև հիմա կորոնավիրուսի թեստ չի հանձնել նաև կնոջ ամուսինը։ Այդ մասին գյուղի բուժամբուլատորիա ահազանգերից հետո ստացել են պատասխան, որ նա ինքնուրույն գնա հիվանդանոց։

«Բուժարանից ասել են ՝ գնացեք ավտոբոսով Արտաշատ թեստավորվեք»,- նշեց մեր զրուցակիցը։

Այս խորագրի վերջին նյութերը