Լրահոս

28.03.2011 10:12


Սեդրակ Աճեմյան. «Ադրբեջանը մշտապես սպառնում է պատերազմով»

Ուրբաթ` մարտի 25-ին, Ֆրանսիայի խորհրդարանում կայացավ «Խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում» խորհրդաժողովը, որ կազմակերվել էր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ֆրանսիայի շրջանի և Հայ-Եվրոպական խորհրդի կողմից: Խորհրդաժողովին մասնակցում էին բազմաթիվ հեղինակավոր քաղաքական և հասարակական գործիչներ  Ֆրանսիայից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և այլն:

Իբրև հիմնական զեկուցող հանդես եկավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Վերջինս իր ելույթում անդրադարձավ Հարավային Կովկասի ռազմականացմանը, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին,  ֆրանսիացի խորհրդարանականների ուշադրությունը հրավիրեց  Բաքվի կողմից պարբերաբար հնչող պատերազմի մասին սպառնալիքներին, ընդգծեց այն ապակառուցողական և վտանգավոր դիրքորոշումը, որ որդեգրել է Թուրքիան  Հայաստանի հետ հարաբերություններում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում:

Վահան Շիրխանյանը նաև համեմատություններ բերեց  Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պետական բյուջեների միջև, նկատեց, որ վերջին տարիներին Բաքուն աստիճանաբար մեծացնում է իր ռազմական պոտենցիալը` այդ կերպ վտանգ ներկայացնելով Հարավային Կովկասի անվտանգության և կայունության համար:

Խորհրդաժողովի փակման խոսքով հանդես եկավ ՍԴՀԿ Կեդրոնական Վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, որի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական Վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի ելույթը Ֆրանսիայի խորհրդարանում

Ֆրանսիայի խորհրդարանի հարգարժան անդամներ, պարոն քաղաքապետ, պարոն դեսպան, տիկնայք և պարոնայք.

Նախ և առաջ ցանկանում եմ հայ իրականության առաջին քաղաքական կուսակցության` 124 ամյա Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անունով երախտիքի խոսք հայտնել Ֆրանսիայի խորհրդարանին, Հայաստանի Հանրապետության  դեսպան  պարոն Վիգեն Չիթեչյանին, Իսե Լէ Մոլինոյի քաղաքապետ պարոն Անդրե Սանտինիին` այս հիրավի կարևոր խորհրդաժողովի կայացմանն աջակցելու համար:

Խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում լոկ բառեր չեն, այն գերակա խնդիր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության  համար:  Հնչակյան կուսակցությունն իր ողջ ներուժով աջակցել և աջակցում է տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանը, խաղաղության և կայունության ամրապնդմանը, քանի որ հավատացած է, որ միայն այս պայմաններում է հնարավոր տարածաշրջանի և մեր Հայրենիքի` Հայաստանի զարգացումը:

Տիկնայք և Պարոնայք, Ձեր թույլտվությամբ, սակայն, չեմ կարող չնշել այն խնդիրները, որոնք ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանի զարգացմանը , այլև պայթյունավտանգ իրավիճակի առջև են կանգնեցնում մեզ` բոլորիս:  Կայունություն և անվտանգություն կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ հարևան երկրների միջև կա համագործակցություն և վստահություն, սակայն 1992 թ-ից սկսյալ` Թուրքիան, որ այսօր ձգտում է մտնել Եվրամիություն, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, փորձում մեր երկիրը պահել շրջափակման մեջ` այս կերպ մշտական վտանգ ներկայացնելով տարածաշրջանի համար:  Պաշտոնական Անկարան, դառնալով կողմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, շարունակել և շարունակում է հակահայ քաղաքականությունը: Թուրքիան շարունակում է ժխտել անցյալ դարի մեծագույն ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, որին զոհ գնացին մեկ և կես միլիոն մեր հայրենակիցները: Այժմ ես գլուխ եմ խոնարհում Ֆրանսիայի ժողովրդի առջև, որ այդ սարսափելի օրերին ընդունեց տարագիր հայ ժողովրդին, հնարավորություն տվեց վերագտնել նոր Հայրենիք: Այդ եղբայրական քայլը, հավաստիացնում եմ, մենք երբեք և երբեք չենք մոռանա: Ինչպես նաև շնորհակալ եմ  բարեկամ երկրի խորհրդարանին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ ընդունելու համար: Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի ընդունվի ցեղասպանությունը մերժելը քրեականացնող օրինագիծը, որովհետև նման ստոր և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունն ուրանալը համահավասար է կրկին  այդ քայլին գնալու:

Ինչ վերաբերում է  Ադրբեջանին, ապա այդ երկիրն անցած դարի 90-ական թ-ից ռազմական ագրեսիա սկսեց սեփական հողում, միջազգային իրավունքի բոլոր տարրերին համապատասխան ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, և ինքն էլ պարտվեց իր սանձազերծած պատերազմում:  Այժմ էլ, երբ Ղարաբաղում մեծացել է նոր` անկախ սերունդ, Ադրբեջանը մշտապես սպառնում է պատերազմով, որի սկսումը անկանխատեսելի հետևանքներ կբերի ոչ միայն իր` այլև ողջ տարածաշրջանի համար:

Տիկնայք և պարոնայք, ևս մեկ անգամ անչափ կարևորելով սույն խորհրդաժողովի անցկացումը, կրկին շնորհակալությունս եմ հայտնում կազմակերպիչ կողմերին և հույս հայտնում, որ նմանատիպ միջոցառումները կկրեն պարբերական բնույթ`Հարավային Կովկասում  խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու համար:

Հավելենք, որ խորհրդաժողովը լուսաբանում էին ոչ միայն տեղի հայկական, այլև ֆրանսիական լրատվամիջոցները:

Հնչակյան կուսակցության մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը