Լրահոս

25.03.2011 17:54


Օլիմպիական խաղերի հայաստանցի երկրպագուները Լոնդոն կարող են մեկնել հեշտացված մուտքի արտոնագրով

Օլիմպիական խաղերի հայաստանցի երկրպագուները Լոնդոն կարող են մեկնել հեշտացված մուտքի արտոնագրով

«Մոսկվայի տանը» Լոնդոն–2012 օլիմպիական խաղերին նվիրված շնորհանդես է տեղի ունեցել, որին մասնակցել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը։

30–րդ ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն ուղիղ 490 օր հետո՝ հուլիսի 27–ին, Լոնդոնում։ Աշխարհի ավելի քան 205 երկրների 4200 մարզիկներ 28 մարզաձևերում մինչև օգոստոսի 12–ը պայքար կմղեն չեմպիոնի տիտղոսի համար։ Այս օլիմպիական խաղերին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները։

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ մեր մարզիկներն արդեն պատրաստ են այդ խաղերից հաղթանակով վերադառնալ հայրենիք։

–Հույս ունեմ, որ անպայման մենք այդ ուրախությունը կպարգևենք մեր ժողովրդին,–ասել է Գ. Ծառուկյանը՝ նշելով, որ այս անգամ արդեն Հայաստանին կհաջողվի մեդալի գույները փոխել։

Նշենք, որ Պեկին 2008–ում մեր մարզիկներից 6–ը դարձան օլիմպիական մրցանակակիրներ։

ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանը նույնպես հիշում է Պեկինում հայ մարզիկների տպավորիչ ելույթը, ինչպես նաև այն, որ մեդալների թվով հայերն առաջինն էին, եթե հաշվի ենք առնում բնակչության թվաքանակը։

–Գիտեմ, թե ինչքան ջանք եք դնում Օլիմպիական խաղերին նախապատրաստվելիս։ Հուսով եմ՝ հայ մարզիկներն է՛լ ավելի մեծ հաջողությունների կհասնեն Լոնդոնում,–ասել է Չարլզ Լոնսդեյլը։

Ի դեպ, օլիմպիական խաղերին տեղում երկրպագելը դյուրին դարձնելու համար, ինչպես օլիմպիական ընտանիքի անդամ երկրների, այնպես էլ Հայաստանի համար, Միացյալ Թագավորությունն առաջարկելու է երկարաժամկետ, բազմակի մուտքի արտոնագիր, որ վավերական կլինի այսօրվանից մինչև խաղերի ավարտը։

Լոնդոն–2012–ի տոմսերն արդեն վաճառվում են։ Դրանք հնարավոր է ձեռք բերել ՀԱՕԿ–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը