Լրահոս

25.03.2011 17:26


Գագիկ Ծառուկյանը դիմելու է Սերժ Սարգսյանին՝ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ մոտեցում ցուցաբերելու հարցով

Գագիկ Ծառուկյանը դիմելու է Սերժ Սարգսյանին՝ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ մոտեցում ցուցաբերելու հարցով

Այսօր «Մոսկվայի տանը» Լոնդոն–2012 օլիմպիական խաղերին նվիրված շնորհանդեսից հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների խնդրանքով պատասխանել է մի շարք հարցերի։

Գնահատելով Հայաստանի ներկա սոցիալ–տնտեսական վիճակը՝ նա ասել է.

–Ես տնտեսության մասին արդեն երեք տարի է՝ ասում եմ, որ կան խնդիրներ, տնտեսական  ճգնաժամ, փոքր ու միջին բիզնես, կրթություն, երիտասարդություն, ուսանողություն, և բոլոր լագրողները, քաղաքական գործիչները եթե նայեն՝ երեք տարի առաջ պարոն Ծառուկյանն ի՞նչ է ասել, կտեսնեն, որ ասել է՝ առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսին պետք է մեծ ուշադրություն դարձնել, հնարավորություն տրվի, ոչ թե ասեն՝ դա իրե՛նց գործն է։ Դա ամբողջ մեր պետության, մեր ժողողվրդի, կառավարության գործն է։ Այն մարդը, ով ունի արժանապատիվ աշխատանք, լավ ընտանք, ուրեմն նա ամենալավ քաղաքացին է։ Պետք է մադուն կարողանաս ապահովել, որ նա կարողանա իր ընտանիքը պահել, իր ծնողին կերակրել։ Այդ ժամանակ նա օրինակելի քաղաքացի է, բարեկեցիկ ընտանիք ունի և պատրաստ է պայքարելու իր երկրի համար, բոլոր մարտահրավերների դեմ։ Իսկ եթե մարդը չի կարողանում իր ընտանիքին պահել, իր ծնողին կերակրել, ուրեմն նա ուզում է թողնել– գնալ այստեղից։ Հիմնական խնդիրը սա է, որ մենք պետք է կարողանանք այդ խնդիրները կարգավորել, միասնական լինել, միասնական որոշում կայացնել՝ այդ չլուծված լինելու պատճառները պարզել և լուծման ուղղությունները գտնել։

Իսկ որպես ՀԱՕԿ նախագահ՝ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությանը, որ տեղի է ունեցել երկրից իր բացակայության օրերին։

–Սամսոն Խաչատրյանն ամենալավ մարզիկներից մեկն է, նա կարողացել է մեր երկրի մարզական աշխարհի դիրքերը, հեղինակությունն ամբողջ աշխարհում բարձր պահել։ Կապ չունի կուսակցական պատկանելությունը, բայց ես՝ որպես օլիմպիական կոմիտեի նախագահ, պարտավոր եմ այդ հարցով մտահոգ լինել, և որպես օլիմիպիական կոմիտեի նախագահ՝ ես երկրի նախագահին դիմելու եմ, որ հնարավորության սահմաններում մեղմ մոտեցում լինի, որովհետև ամբողջ մարզաշխարհում նա սիրված, հարգված մարդ է։ Բայց դա նաև չի նշանակում, որ այդքան մեծ լումա, հեղինակություն ունեցող մարզիկները պետք է օրենքի խախտում թույլ տան։ Սա պետք է լինի վերջինը, կամ դա պետք է հիմք չհանդիսանա, որ մյուսները նման բան անեն։ Ես նոր եմ եկել, և ՀԱՕԿ նախագահի պարտքն է, որ ես այդ հարցով դիմեմ նախագահին, որ մեղմ մոտեցում լինի,–ընդգծել է նա։

Ի դեպ՝ երկրից Գագիկ Ծառուկյանի բացակայության մասին։ Որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե կապված ներքաղաքական լարված իրավիճակի հետ՝ նա ընտանիքի հետ միասին հապշտապ թողել–հեռացել էր երկրից։ Այսօր Գագիկ Ծառուկյանը հերքել է այդ լուրերը։

–Հենց այդ լուրեր տարածողներն են այդպիսի մարդիկ, ովքեր ընդունակ են այդպիսի բաների։ Պարոն Ծառուկյանը մեծ կոլեկտիվ ունի, 25 հազ. աշխատող ունի, պատասխանատու է իր կոլեկտիվի առաջ, իր գործի առաջ, Օլիմպիական կոմիտեի առաջ, իր պատգամավորների առաջ, կուսակցականների առաջ, մարզաշխարհի առաջ։ Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր ժողովրդին։ Մենք ոչ մի տեղ էլ չենք գնա, մենք պետք է կարգավորենք, մենք պատասխանատու ենք մեր երկրի, մեր ժողովրդի առաջ,–ասել է ԲՀԿ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը