Լրահոս

25.03.2011 16:29


Բիոմասայի և մատների հաղթանակը Ազգային ժողովում

Բիոմասայի և մատների հաղթանակը Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի քառօրյան գրեթե ամբողջությամբ նվիրված էր Ընտրական օրենսգրքի քննարկմանը։

Կարծում եմ՝ պարզ դարձավ, որ բանավեճի մեջ Դաշնակցությունը հաղթեց,–ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը և ընդգծել, թե դա փայլուն հաղթանակ էր, քանի որ իրենց բերած փաստարկներին որևէ լուրջ հակափաստարկ չի հնչել։

Նա ընդգծել է, թե ՀՅԴ–ին հաջողվեց ապացուցել, որ ընտրական գործընթացի նկարահանումն ու ընտրողների ցուցակների հրապարակումը չեն հակասում ժողովրդավարությանը, թե համամասնական ընտրահամակարգը ՀՀ–ի համար շատ ավելի ընդունելի է, քան մեծամասնականը և այլն։

Մեր ընդդիմախոսներից շատերը մեր մոտեցումները սատարեցին, և այստեղ ուղղակի բիոմասայի հաղթանակ տեղի ունեցավ. ով ավելի շատ ձեռք ունի, դրանք ավելի շատ կոճակ սեղմեցին։ Հաղթանակ ճշմարտության տեղի չունեցավ։ Բոլորը տեսան, որ մենք ճիշտ ենք, բայց մատների քանակը հաղթեց,–ասել է Վահան Հովհաննիսյանը և նշել, թե դա չէ ժողովրդավարությունը, այլ այն է, երբ նրանք, ովքեր շատ են, ընդունում են փոքրամասնության ճշմարտությունը։

Անդրադառնալով մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից մեկի հայտարարությանը, թե մեծամասնական ընտրակարգը Հայաստանին անհրաժեշտ է, քանի որ խնդիր ունենալու ժամանակ «ընտրողները զանգահարում են մեծամասնական կարգով ընտրված իրենց պատգամավորին», Վահան Հովհանիսյանն ասել է.

Հետաքրքիր մի վիճակագրություն։ Մենք ունենք 41 մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր։ Սրանցից 29–ը ծպտուն չի հանել ընտրվելու պահից։ Ո՛չ հարց են տվել, ո՛չ հայտարարություն են արել, ո՛չ գրավոր հարցումով են դիմել։ 7–ը համեմատաբար ակտիվ են։ 5–ը հանել են մեկից երկու ծպտուն։ Հիմա այս 41–ի արդյունավետությունը ո՞րն է։

Հետևաբար, ըստ Վ. Հովհաննիսյանի, մեծամասնական ընտրակարգի անհրաժեշտության համար բերվող փաստարկը ոչ մի արժեք չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը