Լրահոս

25.03.2011 14:14


ԱԺ պատգամավորներն ու Հայաստան–Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը

ԱԺ պատգամավորներն  ու Հայաստան–Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը

Մարտի 26–ին կայանալու է Հայաստան–Ռուսաստան ֆուտբոլային խաղը։ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ խմբակցությունները խաղի վերաբերյալ ներկայացրել են իրենց կանխատեսումները և մաղթանքները։

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշել է, որ իրենց խմբացությունում բոլորն էլ կարծես թե ֆուտբոլասեր են։

Ես ինքս՝ որպես սպորտի քաղաքի ներկայացուցիչ, գյումրեցի, ցանկանում եմ այս հանդիպման ժամանակ այն պահերը, ինչպես եղավ 1973թ., և գյումրեցի Լևոն Իշտոյանին հաջողվեց հաղթանակ բերել «Արարատ» թիմին, որը ցնցեց ողջ Խորհրդային Միությանը։

Նա ուժ և կորով է մաղթել հայ ֆուտբոլիստներին վերջերս գրանցված որոշակի հաջողությունները պահպանելու և հաղթելու համար։

Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք ուրախանանք նաև ֆուտբոլով,–ասել է նա և կարծիք հայտնել, որ խաղը կվերջանա 2։1 հաշվով՝ հօգուտ Հայաստանի։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիյանը նշել է, որ ֆուտբոլով չի հետաքրքրվում և խաղը չի դիտելու, բայց ֆուտբոլիստներին հաղթանակ է մաղթում։

Ես Ռուսաստան–Հայաստան այլ խաղով եմ հետաքրքրվում, որտեղ առանձնապես մեծ հաջողություններ չեն արձանագրվում,–ասել է Վահան Հովհաննիսյանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե ինքը ֆուտբոլասեր չէ,  բայց սա այն բացառիկ խաղերից մեկն է, որն անպայամն կցանկանար դիտել, սակայն տոմս չունի.

Ես ասեմ, որ ունենք շատ հյուրեր Ռուսաստանից, և շատ բուռն արձագանք է խաղը գտել Հայաստանում, քանի որ 3 խաղում հաջողության ենք հասել։ Մենք մասնակցելու ենք և տոմս կճարենք նաև տիկին Զոհրաբյանի համար։ Վստահ եմ, որ կհաղթենք 1։0 հաշվով,–ասել է ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ևս հաջողություն է մաղթել ֆուտբոլիստներին՝ նշելով, սակայն, որ ֆուտբոլը միակ մարզաձևն է, որին ո՛չ մասնակից է եղել, ո՛չ էլ մոտեցումներ ունի։

Սպորտով զբաղվում եմ, բայց ոչ ֆուտբոլով։ Բնականաբար ցանկությունս է, որ Հայաստանը հաղթի, բայց քանի որ ո՛չ Հայաստանի խաղն եմ տեսել, ո՛չ Ռուսաստանի, չեմ կարող կանխորոշել, թե ով կհաղթի։ Մենք պետք է մեր ոգով, մոտեցումներով, խոսքով սատարենք, որ մեր հավաքականը հաղթի,–ասել է նա։

Նա նաև նշել է, թե հիմնականում զբաղվում է արևելյան մարզաձևերով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը