Լրահոս

21.05.2020 12:52


Թորոսյանը չի բացառում, որ փակ տարածքներում դիմակ կրելը կարող է պարտադիր լինել 1 կամ 2 տարի

Թորոսյանը չի բացառում, որ փակ տարածքներում դիմակ կրելը կարող է պարտադիր լինել 1 կամ 2 տարի

Հայաստանում դիմակ կրելը փակ տարածքներում և հատուկ տնտեսավարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պարտադիր կլինի այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ամռան շոգ օրերին դիմակ կրելը, արդյոք, վնաս չի՞ լինի քաղաքացիների առողջությանը։

«Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսավարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պարտադիր կլինի այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինի իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Ես չեմ բացառում, որ դա կարող է լինել 1 կամ 2 տարի: Հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի։ Դիմակ կրելու և այն հանելու կանոններ կան, և մենք այդ մշակույթը պետք է ձևավորենք մեր մեջ այնպես, ինչպես, օրինակ, ամեն առավոտ և երեկո լվանում ենք մեր ատամները»,- նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ այն անձինք, ովքեր առողջական որոշ խնդիրներից ելնելով չեն կարողանա կրել դիմակ՝ պետք է լինեն բժիշկների հսկողության տակ։

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 19-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է հանրային բաց տարածքներում պարտադիր ունենալ դիմակ։ Պահանջը խախտելը կառաջացնի 10 հազար դրամ տուգանքի սահմանում։

Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հանված են մի շարք սահմանափակումներ: Այնուամենայնիվ, սահմանվել է հանրային բաց վայրերում դիմակների առկայության, իսկ հանրային փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջ:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը