Լրահոս

25.03.2011 10:14


Գիշերը ոստիկանները Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար տեղադրված վրանի նկատմամբ ոտնձգություն չեն արել

Գիշերը ոստիկանները Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար տեղադրված  վրանի նկատմամբ ոտնձգություն չեն արել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հարյուրավոր մարդիկ կարողացան համատեղ ուժերով Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել Ազատության հրապարակում։ Բացի դա, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանn ասել էր, թե իրեն զանգահարել է գնդապետ Կիրակոսյանն ու իր մոտ կանչել, որտեղ նա ասել է, թե թույլ չեն տալու, որ վրանն այդտեղ մնա, ու քանդելու են։

«7օր»–ն այսօր «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանից փորձել է ճշտել, թե արդյոք գիշերը խաղա՞ղ է անցել։

–Ոչ մի  միջադեպ տեղի չի ունեցել, գիշերը նորմալ է անցել։ Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցողներն ու կուսակցության անդամները ողջ գիշեր եղել են Ազատության հրապարակում։ Պարոն Հովհաննիսյանի առողջությունն էլ կայուն է,–ասել է նա։

Երեկ Հովսեփ Խուրշուդյանը  նաև հայատարարել էր, թե ժամը 18։30–ի սահմաններում ՀՀ նախագահի աշխատակազմից մոտեցել են Րաֆֆի Հովհաննիսյանին և առաջարկել առանձնազրույց ունենալ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի հետ, և  Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չի հրաժարվել՝ նշելով, թե նրա հետ կհանդիպի Ազատության հրապարակում։

Քիչ առաջ Հովսեփ Խուրշուդյանը «7օր»–ին տեղեկացրել է, որ հանդիպումը դեռևս տեղի չի ունեցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը