Լրահոս

24.03.2011 17:02


Հարկային արտոնությունները փոխարինվում են բյուջետային ֆինանսավորմամբ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է հարկումից խուսափելու հնարավորություններ պարունակող հարկային արտոնությունները փոխարինել բյուջետային ֆինանսավորման գործիքներով։

Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության արտոնագրերի պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության և դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։ Գործադիրը քննության է առել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Հովհաննես Սահակյանը։ Նախագծի ընդունումը, ըստ հեղինակների, բխում է ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումից։ Կառավարությունը սկզբունքային առարկություն չի արտահայտել նախագծի վերաբերյալ` միաժամանակ տեղեկացնելով, որ կառավարությունում մշակվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նոր նախագիծ։ ԱԺ նույն պատգամավորներն հանդես են եկել օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և որը նույնպես պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ։ Գործադիրն առաջարկել է նախագիծը խմբագրել, որից հետո միայն կարող է ընդունելի լինել պատգամավորների նախաձեռնությունը։ Իր նիստում կառավարությունը քննարկել է ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ մաքսային օրենգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Երևանի ուղևորատար միկրոավտոբուսների թիվը համապատասխանեցնել քաղաքի գլխավոր հատակագծի պահանջին` 19,2 տոկոսի, մինչդեռ այժմ ուղևորափոխադրման շուրջ 90 տոկոսն իրականացվում է միկրոավտոբուսներով։ Արդարացված համարելով հեղինակների մտահոգությունը, կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև նորերն է հատուցում, ուստի դեմ է օրենսդրական այս նախաձեռնությանը։ Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը