Լրահոս

24.03.2011 16:08


Վարչապետի «Ցախավել աճեցնելու ծրագրերի» մասին

Վարչապետի «Ցախավել աճեցնելու ծրագրերի» մասին

Գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը գյուղաբնակներին, մեղմ ասած, զարմացնում է:

Ես զարմանում եմ. ինչի վրա ասես՝ բարդում են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, բացի իրենցից և խայտառակ կառավարումից: Մեկը չկա, լրջորեն ուսումնասիրի ոլորտի խնդիրները ու համապատասխան որոշումներ կայացնի»,-«7օր»–ի հետ զրույցում ասել է Առափիի բնակիչ Վարդգես Մարտիրոսյանը:

Իր հերթին «Լեջամե» հիմնադրամի նախագահ, Բավրա գյուղի բնակիչ Կորյուն Սումբուլյանը համարում է, որ կառավարության կողմից ոլորտի առողջացման վրա ծախսվող գումարներն աննպատակ են, ավելին՝ նաև հակառակ արդյունք են ունենում.

«Ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում, երբ ասում են, թե գյուղատնտեսության ոլորտի անկումը պայմանավորված է բնակլիմայական և եղանակային վատ պայմաններով: Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ մեր հարգարժան կառավարությունն ուղղակիորեն աննպատակ քայլեր է անում: Օրինակ թմբկահարում են, թե 300 մլն դրամ տվել են ինչ–որ մի ֆիրմայի՝ Տավուշում մոշ ու հաղարջ աճեցնելու համար: Նախ՝ ի՞նչ կարիք կա 300 մլն մեկ ֆիրմայի տալ, երկրորդն էլ՝ էդ հատապտուղները աճում են նաև բնակլիմայական խիստ պայմաններում, բարձր լեռնային տարածքներում: Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ են անտեսել, օրինակ, Շիրակի մարզը, և այստեղ որևէ գումար չի հատկացվել: Ես այս ծրագիրն անվանում եմ «Ցախավել աճեցնելու ծրագիր»,-ասել է «Լեջամե» հիմնադրամի նախագահ, Բավրա գյուղի բնակիչ Կորյուն Սումբուլյանը:

Վերջինս նաև դժգոհել է, որ կառավարությունը ինքնանպատակ իբր որոշում է օգնել գյուղացուն, սակայն մի անգամ չի հարցնում, թե արդյոք պե՞տք է գյուղացուն այդ օգնությունը:

–Հիմա որոշել են 14 հազ. ընտանիքների գարու սերմնացու տրամադրեն: Հիմա արի ու մի զարմացի. էդ որտե՞ղ են ցանելու գարին՝ ասֆալտի՞ վրա: Թող շրջեն գյուղերում, տեսնեն, թե արդյոք համապատասխան քանակի վարելահողեր կա՞ն, որ գարին ցանեն: 10 տարուց ավելի հողերը չեն մշակվել, հողերը պատրաստ չեն ցանքսի համար: Ամեն գյուղում հազիվ մեկ–երկու հեկտար հողակտոր լինի ցանքսի համար պիտանի,-նշել է Կորյուն Սումբուլյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը