Լրահոս

24.03.2011 14:15


Հավաքների մասին օրենքը հավաքների անցկացման հեռավորություն չի սահնմանում

Հավաքների մասին օրենքը հավաքների անցկացման հեռավորություն չի սահնմանում

Մարտի  24-ին շարունակվել է «Հավաքների ազատության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որը ներկայցրել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա տեղեկացրել է, որ նախորդ օրենքի համեմատ տեղի են ունեցել մի շարք հիմնարար փոփոխություններ: Մասնավորապես, միմյանցից տարանջատվել  է քաղաքական բնույթի հավաքն այլ միջոցառումներից, օրինակ՝ տոնակատարություններից, միջոցառումներից և այլն: Նախարարն այդ տարանջատումը էական է համարում, քանի որ դրանք  խառնելը այդ երկու իրավունքները նույն հարթության վրա էր դնում, ինչը գործնականում խնդիրներ էր առաջացնում:

Ներմուծվել է մի ինստիտուտ, որի անունը պահանջներ առաջադրելն է: Դրա էությունը կայանում է նրանում, որ իրազեկման մեջ նշված պայմաններից կարող են նաև շեղումներ լինել և իրազեկում ներկայացնողն ու լիազոր մարմինը կարող են բանակցել, օրինակ անցկացման վայրի, ժամի և այլնի վերաբերյալ, ինչի արդյունքում կարող են համաձայնության գալ և ի վերջո անցկացնել հանրահավաքը:

Առաջին անգամ սահմանվում է, որ վարչարարության հիմունքների վարչական վարույթի սկզբունքներն ամբողջությամբ տարածվում են, հստակորեն սահմանվում են այն բոլոր հիմքերը, որի պարագայում կարող է սահմանափակվել, դադարեցվել կամ ցրվել հավաքը:

Հավաքի իրավունքը կարող է սահմանափակվել երկու դեպքում, եթե հանրային շահ գոյություն ունի և այլոց սահմանադրորեն ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանություն գոյություն ունի: Իրազեկումը քննարկման փուլում որոշողը լիազոր մարմինն է, կոնկրետ պարագայում, հավաքի անցկացման փուլում` ոստիկանությունը:

Կառավարությունից կամ Ազգային ժողովից որոշակի հեռավորության վրա հավաքի անցկացման հստակեցման կարիք, նախարարի խոսքերով չկա, քանի որ գոյություն ունի համաչափության սկզբունք, ինչպես նաև բնականոն գործունեության ապահովման սկզբունք:

-Օրենքը չի կարող բոլոր դեպքերը կանխատեսել: Կյանքը շատ ավելի բազմազան է և բոլոր իրավիճակները կանխատեսել և դրանց համար լուծումներ տալ հնարավոր չէ: Դրա համար գոյություն ունեն սկզբունքներ,- ասել է Հրայր Թովմասյանը:

Հեռավորություն չսահմանելը ոստիկաններին կամայականության տեղ, նախարարի խոսքերով, չի թողնում և միշտ չէ, որ մետրերի սահմանումը լավագույն տարբերակն է: Նրա խոսքերով կա գնահատողականության և համաչափության սկզբունք և յուրաքանչյուր դեպքում պետք է որոշել արդյոք 10 կամ 50 մետր հեռու գտնվելը կապահովի հավաքի բնականոն աշխատանքը: Որոշողը այդ պարագայում լինելու է ոստիկանությունը, իսկ վեճ-բողոքի դեպքում` դատարանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը