Հարցազրույց

17.05.2020 12:31


«Դա իշխանությունը պահելու գինն է». Լարիսա Ալավերդյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին կառուցողական համարելու հայտարարության մասին (տեսանյութ)

«Դա իշխանությունը պահելու գինն է». Լարիսա Ալավերդյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին կառուցողական համարելու հայտարարության մասին (տեսանյութ)

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ընդգծեց՝ ամբողջովին մերժում է գործող իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումը:

«Ամբողջովին սխալ եմ համարում այն քաղաքականությունն Արցախի հարցում, որը հիմնված պետք է լինի այդ տերմինաբանության վրա: Հանրահայտ աքսիոմ է՝ երբ քաղաքականության մասին խոսում ես՝ ամեն խոսքը դոկտրին է: Տվյալ դեպքում այն դոկտրինը, որի վրա ուզում է աշխատել վարչապետը, ամբողջովին անարդյունավետ է, վնասակար է, նահանջողական է և կարող է շատ թանկ նստել մեր հաղթանակների ժամանակ: Եթե նկատել եք՝ խոսելով բոլոր վտանգների մասին՝ ես մտքումս անգամ չունեմ մտայնություն, որ մենք չենք ունենալու հաջողություն: Հաջողությունները մինչև այսօր արձանագրել է հայ ժողովուրդը, և միշտ չէ, որ դա եղել է շնորհիվ իր ղեկավարության»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ եթե անգամ իշխանություններն այնպիսի քաղաքականություն վարեն, որ բոլորի տունը ոսկով լցվի, բայց դրա գինը լինի անվտանգությունը, ապա ամբողջ ոսկին էլ, երկիրն էլ մնալու է թշնամուն.

«Արցախի լուծումը վաղուց տրված է՝ չկա արցախյան հարց, կա Արցախի պատասխան, բայց իշխանության անգամ սխալ բառապաշարն արդեն մեզ խոստանում է ավելի բարձր գին, իսկ այդ գինը մարդկային կյանքեր, ճակատագրեր են»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե շփումներից հասկացել է, որ Ադրբեջանի նախագահն էլ է կառուցողական տրամադրված Արցախի հարցում, Լ. Ալավերդյանն ասաց.

«Դա իշխանության գինն է, երկրում իշխանությունը պահելու գինն է: Նույն այդ տարօրինակ կոնվենցիաները կամ ինչ-որ դեսպանի կողմից ժողովրդավարության վերաբերյալ հզոր գնահատական, այդ բոլորը այն գինն է, որը վճարում են: Նախկինում էլ էի ես ասում: Միշտ մենք ավելի կոնստրուկտիվ երևալու համար անգամ համաձայնում էինք մի բանի հետ, որի հետ, օրինակ՝ Արցախը չէր համաձայնում, իսկ Հայաստանը համաձայնում էր: Ես միշտ երկու պատճառ էի գտնում՝ մեկը իշխանությունը պահելն է, մյուսը՝ ստատուս-քվոն: Հիմա՝ իշխանությունը պահելն է, որովհետև գոնե հայկական կողմի գնահատականները տարբերվում են: Քանի որ հիմնովին փոխվել են այդ գնահատականները, ապա գտնում եմ, որ միայն իշխանությունը պահելն է պատճառը»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանն ընդգծեց՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները նոր փուլի սկիզբ էին նշանակում. «Դրանից վերջապես պետք է քաղեինք այն արդյունքները, որոնց դիմադրում էր այդ մադրիդյան պիղծ սկզբունքները: Մենք ունեցանք այդ շանսը, բայց մոռացության տվեցինք: Եթե մեկն ասում է, որ Ադրբեջանի նախագահը կոնստրուկտիվ է, էլ ի՞նչ խոսենք Վիեննայի պայմանավորվածության մասին, որը պնդում էր, որ դեստրուկտիվ է: Այդ մոտեցումները չէր մշակվի, եթե բոլորի մոտ համոզմունք չլիներ, որ Ադրբեջանը կրկին փորձելու է այս զինադադարը խախտել: Նիկոլ Փաշինյանն իր տերմինաբանությամբ չի սխալվել, երբ ասել է՝ Արցախի ընտրված ներկայացուցիչներ: Դա դոկտրին է, քայքայիչ մի քաղաքականություն է, որը չի վերաբերում զուտ Արցախի անվտանգությանը՝ կա միասնական Հայաստանի և համայն հայության անվտանգությունը, որն ուղղակի սպառնալիքների ներքո է: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի հայության հետ Սփյուռքում, եթե իրականացվեն ալիևյան և էրդողանյան ծրագրերը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը