Լրահոս

24.03.2011 12:39


Դիտորդ. «Արմավիրում ընտրություններն անցել են խախտումներով»

Դիտորդ. «Արմավիրում ընտրություններն անցել են խախտումներով»

Անդրադառանալով անցած կիրակի՝ մարտի 20–ին, Արմավիրում անցկացված քաղաքապետի ընտրություններին, որի ժամանակ վերընտրվեց Ռուբեն Խլղաթյանը, «Հանուն ժողովրդավարության ընկերակցության» դիտորդական առաքելության ղեկավար Արմեն Ծատուրյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե նախընտրական շրջանում Արմավիրում վախի մթնոլորտ էր տիրում, և վերջին օրերին իրավիճակն ավելի էր լարվել։

–Այս ընտրությունները, ի տարբերություն նախորդի, անցել են ավելի նորմալ, սակայն՝ ոչ առանց խախտումների,–ասել  է Արմեն Ծատուրյանը:

Նրա խոսքերով՝ խախտումների թվում են Արմավիրում գրանցված, բայց իրականում չապրող մարդկանց առկայությունը ընտրացուցակներում, ընտրական գործընթացի նկարահանումն արգելելը, ընտրողներին ավտոմեքենաներով ընտրատեղամասեր բերել-տանելը, քվեախցիկում ոչ միայնակ քվեարկելու փաստերը, երիտասարդների կուտակումներն ընտրատարածքների հարևանությամբ և այլն:

Նա նշել է, որ ընտրություններին ժամանակ իրենց կազմակերպությունն ապահովել է 30 անկախ դիտորդ, որոնք  արձանագրել են 12 դեպք, երբ քաղաքացին ընտրատեղամասում պարզել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրություն է դրված։

–Սակայն դիմում-բողոք այս իմաստով չեն ներկայացրել ոստիկանություն,–նշել է Արմեն Ծատուրյանը։

Նա ասել է, որ քաղաքում ընտրողների ընդհանուր թիվը 28 682 է, իսկ ընտրությանը մասնակցել է 14 168-ը: Նախնական տվյալներով՝ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի օգտին քվեարկել է 6849 արմավիրցի, իսկ նրա հիմնական մրցակից համարվող Սևակ Մինասյանի օգտին` 5811։ Այս պահին էլ վերահաշվարկ է ընթանում։

Այս խորագրի վերջին նյութերը