Լրահոս

15.05.2020 17:44


Նիկոլայ Բաղդասարյանի «հեծանիվային վրաերթի» գործով ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է համարել

Նիկոլայ Բաղդասարյանի «հեծանիվային վրաերթի» գործով ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է համարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկելու փորձի գործով մեղադրյալին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանը՝ նշելով, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանը հաստատված է համարել քննիչի կողմից ներկայացրած կալանավորման հիմքերից մեկը, որ, գտնվելով ազատության մեջ, կկատարի ՀՀ քրեական օրենսգրքով արգելված նոր արարք, իսկ քննիչի մատնանշած մյուս հիմքը՝ փախուստի դիմելը, դատարանը հաստատված չի համարել։ Պաշտպանի փոխանցմամբ՝ դատարանը միևնույն ժամանակ բավարարել է նաև պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը՝ ձերբակալման որոշման դեմ, այսինքն՝ Ալեքսանյանին ձերբակալելու որոշումը եղել է ոչ իրավաչափ։

Պաշտպանի խոսքով՝ Ալեքսանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Մանրամասն բացատրություն էր տվել դեռևս նյութերի նախապատրաստման փուլում, հետագայում կասկածյալի կարգավիճակում է ցուցմունք տվել, մեղադրյալի կարգավիճակով էլ պնդել է ցուցմունքը, որը շրջադարձորեն հակասում է գործով տուժողի ցուցմունքներին »,- ասաց պաշտպանը։
Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ Բեգլարյանն ասաց, որ արդեն բարձրացրել են այն հարցը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հանցակազմի օբյեկտը չունեն, այսինքն՝ 3-րդ մասը հստակ սահմանում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով իշխանության ներկայացուցիչ է համարվում տեղական ինքնակառավարման կամ պետական ծառայությունում աշխատող այն անձը, ով ծառայության ենթակայությունից դուրս գտնվող անձանց նկատմամբ օժտված է կարգադրիչ լիազորություններով։

«Այս պարագայում ԱԺ պատգամավորը որևէ կարգադրիչ լիազորություն չունի, օրինակ՝ հասարակ քաղաքացու նկատմամբ, ինչը չի կարելի ասել ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ, քանի որ ամենացածրաստիճան ոստիկանը կարող է Ոստիկանության մասին օրենքով, Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ինչ-որ պահանջ ներկայացնել քաղաքացուն։ Օրինակ՝ երեկ դատարանի բակում, նիստի ընթացքում Արթուր Ալեքսանյանի կողմնակիցները հավաքվել էին և ոստիկանության աշխատակիցները հորդորում էին, պահանջում էին, որպեսզի սոցիալական հեռավորություն պահպանեին և մի քանի հոգի, ըստ ոստիկանության, ովքեր չէին ենթարկվել իրենց օրինական պահանջին բերման են ենթարկել։ Եթե այդ պահանջը ներկայացնելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրվեր կամ բռնության սպառնալիք հնչեր, միանշանակ կարող էին խոսել 316-րդ հոդվածի հանցակազմի առկայության մասին, իսկ տվյալ դեպքում ԱԺ պատգամավորը նախ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է։

Բոլորիս է հայտնի, որ օրենքների կիրառումը գործադրի իրավասությունն է, ոչ թե՝ օրենսդրի։ Օրենսդիրն օրենք է ընդունում, որը կիրառվում է Գործադրի կողմից։ Գլոբալ առումով նայելու դեպքում կստացվի, որ օրինակ, որևէ քաղաքացու կողմից օրենք խախտելը պետք է դիտվի նաև որոշակի առումով հակադրություն ԱԺ-ին, բայց մենք նման պրակտիկա չունենք։ Այսինքն՝ ԱԺ ընդունած օրենքին չենթարկվելը չի կարող դիտարկվել որպես ԱԺ-ի դեմ ուղղված ինչ-որ բան։ Դրա վերաբերյալ Վարչական կամ Քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգերով ընթացակարգեր են տեղի ունենում »,- ասաց պաշտպանը։

«Նույնիսկ նիստին մասնակցող քննիչին և դատախազին եմ ասել, որ, եթե գտնում եք, որ անարդար է, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկեք կամ փոփոխության նախագծեր մշակեք՝ կառավարության միջոցով, փորձեք հոդվածը լրացնել կամ փոփոխել։ Այս պահին մենք առաջնորդվում ենք նրանով, ինչ գրված է օրենսգրքում։ Գլոբալ առումով՝ օրենսդիր իշխանությունը իշխանության ճյուղերից մեկն է, բայց ոչ Քրեական օրենսգրքի իմաստով։ Փորձ է կատարվում նաև իշխանության ներկայացուցչին նույնացնել պաշտոնատար անձի հետ, դրա հետ էլ մենք համաձայն չենք, որովհետև իշխանության ներկայացուցիչը կարող է պաշտոնատար անձ լինել, բայց ոչ բոլոր իշխանության ներկայացուցիչներն են պաշտոնատար անձ», - ասաց պաշտպանը։

Պաշտպանության կողմը գտնում է, որ խնդիր կա ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտի բացակայության հետ, իսկ հանցակազմի տարրերից որևէ մեկի բացակայության պայմաններում չի կարող խոսք գնալ հանցագործության մասին։

«Մենք վիճարկում ենք օբյեկտն՝ առաջնահերթ, իսկ այնուհետև՝ միջնորդության հիմնավորվածությունը կամ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների ոչ բավարար լինելը»,- ասաց Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, թե իրեն փորձել են հեծանիվով վրաերթի ենթարկել՝ կապված իր աշխատանքային գործունեության հետ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Մայիսի 13-ին ոստիկանությունը հայտարարեց կասկածյալին ձերբակալելու մասին։ Վերջինս «Կամք» հասարակական կազմակերպության անդամներից է և բողոքում է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ։ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Մայիսի 14-ին դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի ընթացքում դատարանի բակում են եղել նաև «Կամք»-ի մի քանի ներկայացուցիչներ՝ ի աջակցություն ակտիվիստի։ Ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել, ենթարկել են վարչական ձերբակալման՝ մայիսի 13-ին և մայիսի 14-ին։

Այս խորագրի վերջին նյութերը