Հարցազրույց

14.05.2020 11:20


Փաշինյանը պետք է դատվի 50.000 մարդու սովամահ անելու համար․ Կարեն Վարդանյան (տեսանյութ)

Փաշինյանը պետք է դատվի 50.000 մարդու սովամահ անելու համար․ Կարեն Վարդանյան (տեսանյութ)

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կորոնավիրուսի հանամավարակի հետ կապված իրավիճակը համարում է նոր, երրորդ համաշխարհային պատերազմ՝ պարզապես այլ հիբիրդային ֆորմատով, որն ընթանում է ինֆորմացիոն կառավարման միջոցով, համաշխարհային քաղաքացիական պատերազմ։

«Կա բուրգ, որտեղ ամեն մի երկիր ունի իր ներկայացուցիչը, և դրանք հիմնականում առողջապահության պատասխանատուներն են ու այն հասարակական կազմակերպությունները, որոնք անում են ամեն ինչ, որ տվյալ երկիրն անկախ առողջապահություն չունենա»,- 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Կարեն Վարդանյանը։

Նա համոզված է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Հայաստանը գումար է ստացել կորոնավիրուսի համար վիճակագրություն ցույց տալու նպատակով։

«Ինչո՞ւ հենց սկզբից արգելեցին դիահերձումը, ի դեպ՝ դա արեցին բոլոր կախյալ պետությունները։ Արգելեցին դիահերձումը, որովհետև բոլորը գործում են մի ընտանիքի կամ մի մաֆիայի նման, մինչդեռ 1000 հոգու Գերմանիայում հերձել էին ու պարզել, որ չկա մի դեպք, որ մարդը մահացել է հենց կորոնավիրուսից։ Մեզ սարսափեցնում են այդ թվերով, և դա նշանակում է, որ որևէ ապացույց չկա, որ մարդիկ մահանում են հենց կորոնավիրուսից։ Դրանից բացի՝ այդ թեստերը հստակ ցույց չեն տալիս, տարբեր երկրիների արտադրած թեստերը տարբեր էֆեկտիվություն ունեն, ճշգրտության տատանումները մինչև 40-80 տոկոս են, իսկ, օրինակ, Լյուքսեմբուրգում մարդիկ վարակվում էին հենց թեստավորման ժամանակ։ Որևէ գործիքակազմ չկա, որ ասեն՝ այդ վարակը հենց կորոնավիրուս է, իսկ այս ամենը մաքուր բլեֆ ա»,-ասաց Կարեն Վարդանյանը։

Խոսելով կորոնավիրուսի պատվաստանյութի մասին՝ Վարդանյանն ասաց, որ նման պատվաստանյութ ստանալու համար շատ երկար տարիներ են պետք, բացի այդ՝ հստակ չէ, թե ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է պատվիրում դրա արտադրությունը։

«Անհնար է մեկ տարվա ընթացքում պատվաստանյութ ստեղծել։ Օրինակ՝ այն, որ Նուբար Աֆեյանը խոսել է պատվաստանյութի մասին, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ Նուբար Աֆեյանին պատվիրողը հայ ժողովուրդը չէ, այն փաստը, որ ինքը հայ է, դա դեռ չի նշանակում, որ նա հայանպաստ է։ Նրան պատվիրողները ֆարմացեպտիկ ընկերություններն են։ Չգիտենք, թե ինչ պայմաններով են պատվիրել, իսկ ՀՀ-ում առողջապահական համակարգը՝ գիտահետազոտական իմաստով, չի տալիս հնարավորություն, որ Աֆեյանի բերած դեղը նախ ստուգենք»,-ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրապարակած կորոնավիրուսով հնարավոր վարակակիրների թվերին, Վարդանյանը նախ ասաց, որ Թորոսյանը չունի անհրաժեշտ գործիքակազմ այդ թվերը հաշվարկելու համար, ապա, թե՝ դա նշանակում է, որ նախարարը դիմում է շանտաժի։

«Ես համոզված եմ, որ Արսեն Թորոսյանը դատվելու է Նյուրնբերգյան կոնվենցիային համապատասխան. կլինի, կտեսնեք»,-ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրենը։

Ըստ Կարեն Վարդանյանի՝ դատվելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որովհետև Համաշխարհային բանկի թվերով, եթե երկրի ՀՆԱ-ն իջնում է 10 տոկոսով, դա հանգեցնում է բնակչության 2 տոկոսով նվազեցման, իսկ ՀՀ-ում ՀՆԱ-ն իջել է 10 տոկոսով, հետևաբար, Կարեն Վարդանյանի հաշվարկներով, դա նշանակում է, որ աղքատությունից կմահանա 50 հազար մարդ։

«Այսինքն՝ Արսեն Թորոսյանը մեզ շանտաժ անելով մահերով, որոնք ապացուցված էլ չեն, որ արձանագրվել են կորոնավիրուսից, մեր բնակչությունից ոչնչացրեց 50 հազար մարդ. այդքան մարդ մահացան կամ կմահանան, որովհետև աղքատացան և հացի, դեղի փող չունեն, իսկ այն, որ մեր ՀՆԱ-ն 10 տոկոս կընկնի, դա ակնհայտ է, քանի որ երկու ամիս չենք աշխատել։ Տնտեսությունը կանգնեցնելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա։ Փաշինյան, պետք է պատասխան տաս, որ մարդկանց սովամահ ես արել, բնակչությունը նվազեցրել ես 50 հազարով, իսկ եթե պարետը խելքի չգա ու շարունակի Համաշխարհային բանկի ու ԱՀԿ-ի տված փողերի համար նույնն անել, նա էլ է դատվելու»,-ասաց Կարեն Վարդանյանը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը