Լրահոս

12.05.2020 10:40


2 օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Աղստև գետն ընկած ավտոմեքենան (տեսանյութ)

2 օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Աղստև գետն ընկած ավտոմեքենան (տեսանյութ)

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները՝ Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ, որոնողական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերեցին Աղստև գետն ընկած ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենայի գտնվելու վայրը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ճզմաչյանը, սուզվելով վարար գետի մեջ, կարողացավ հատուկ ճոպաններ ամրացնել ավտոմեքենայի որոշ հատվածներում և վերամբարձ կռունկը ավտոմեքենան դուրս բերեց գետից:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է վարորդի՝ Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Ժիրայր Աղաջանյանի դին:

Որոնողական աշխատանքները սկսվում էին առավոտյան 06:10-ից և ավարտվում 21:00-ին ու այն ձգվում էր 20 կմ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի ու քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Դիլիջանի և Իջևանի հրշեջ-փրկարարները՝ փրկարարական վարչության օպերատիվ խմբի ծառայողները, առավոտյան ժամը 06:10-ից վերսկսել էին Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Ժ.Ա.-ի որոնողական աշխատանքները:

Մայիսի 9-ից, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի, համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ մարզի հրշեջ-փրկարարների հետ, գրեթե Հաղարծին գյուղի ողջ բնակիչների, ինչպես նաև Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, որոնում էին նրան, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ Ժ.Ա.-ն ՎԱԶ-21015 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը:

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ որոնողական աշխատանքները տևել են ժամեր շարունակ, և փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները մոտ 20 կիլոմետր երկարությամբ գետում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն արդյունքի չեն հասել:

Գետի հունը այնքան վարար էր, որ մարդիկ նույնիսկ չէին կարողանում նրա վրայով անցնել:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը