Քաղաքական

12.05.2020 10:34


ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքն իշխանության գործելաոճի իրական պատկերն էր․ կուզեն՝ կխփեն, կուզեն՝ կհարձակվեն․ «Իրատես»

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքն իշխանության գործելաոճի իրական պատկերն էր․ կուզեն՝ կխփեն, կուզեն՝ կհարձակվեն․ «Իրատես»

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը պատմության մեջ կմնա որպես «ծափահարողների» խորհրդարան: Քայլելով իշխանության եկածները, շարունակելով բրեժնևյան ժամանակների լավագույն ավանդույթները, առաջնորդի ամեն մի բոցավառ ելույթից հետո շռնդալից ծափահարությամբ վերահաստատում են՝ «շեֆի» ասածն օրենք է:

Խորհրդարանի պատերը ծափերով դղրդացնելը, սակայն 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորներին չի բավարարում: Նրանք անում են հնարավորն ու անհնարը պատմության մեջ մի քանի դրվագներով անմահանալու համար: Երբեմն թվում է, թե մերօրյա հերոստրատներ են խորհրդարանում, որ անկախ հանգամանքից, թե պետությանն ինչ օգուտ են տալիս, կամ հասարակությունն ինչ է շահում իրենց վարքից ու գործունեությունից, կաշվից դուրս են գալիս, չլսված սցենարներ մշակում ու իրագործում, միայն թե մնան պատմության էջերում:

Մեկ անգամ չէ նաև, որ երկրի առաջին դեմքի մակարդակով ասվել է, թե այս գումարման օրենսդիրը որակական բոլորովին այլ հատկանիշներ ունի: «Հեղափոխական» իշխանության համար նոր որակը երևի հավատարմության երդմանը հավասարազոր ծափերը, ցինիզմի հասնող բառապաշարը, հայհոյանքն ու ծեծկռտուքն են:

Օրեր առաջ խորհրդարանում տեղի ունեցած տուրուդմփոցը ոչ այլ ինչ էր, եթե ոչ իշխանափոխությունից հետո գեներացված ատելության խոսքի ու անհանդուրժողականության մթնոլորտի դուրսհորդում: Վարչապետի «թաթիկները կկտրեմ», «վզներից կբռնենք», «ասֆալտին կպառկցնենք» արտահայտություններից հետո, բնական է, իր իսկ թիմում ոգևորվելու էին ու մտածելու՝ եթե առաջնորդն է ասում, ուրեմն իրենց էլ կարելի է:

Մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքն իշխանության գործելաոճի իրական պատկերն էր՝ կուզեն կխփեն, կուզեն՝ կհարձակվեն, միևնույն է՝ ժողովուրդը հավատալու է, որ մեղավորը ոչ թե իրենք, այլ «հակահեղափոխականներն» են: Դեպքից անմիջապես հետո ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չդատապարտեց տեղի ունեցածը, այլև արդարացավ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սադրել է, իրենք էլ ստիպված բռունցքներով են պատասխանել:

Մարդիկ, որ հիմականում դեռևս հավատում են իշխանությանն ասածներին ու արդարացումներին, սիրահոժար լսում են Փաշինյանին ու հավելում՝ իմքայլականները լավ են արել, դեռ մի բան էլ քիչ են արել: Մենք, իհարկե, լավ ենք հասկանում, թե ամենաթողությունն ու «սամասուդի» քաղաքականությունն ուր կարող են տանել, բայց հուսով ենք՝ իշխանությունը րոպե առաջ կլիցքաթափվի ու կթոթափի անհանդուրժողականության գերլարված մթնոլորտը: Բոլորը բոլորի հանդեպ թույն են շնչում, մաղձոտ հայացքների պակաս չկա, «նիկոլականներ» ու «հակահեղափոխականներ» բաժանումը տներ է քանդում, իսկ քայլած կառավարիչները համառորեն պնդում են, թե սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է Հայաստանում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը