Լրահոս

23.03.2011 13:41


Սամվել Նիկոյանն առաջարկել է ընտրացուցակների հրապարակումը ևս ընդգրկել նախագծում

Սամվել Նիկոյանն առաջարկել է ընտրացուցակների հրապարակումը ևս ընդգրկել նախագծում

4-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի մարտի 23-ի նիստում շարունակվել է ՀՅԴ խմբակցության ներկայացրած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Ելույթների համար հերթագրվել էր 23 պատգամավոր: Մասնավորեպաս, ելույթով հանդես է եկել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը և անդրադառնալով ընտրացուցակներն ուղղակի ընտրատեղամասերում կախելու հարցին՝ նշել է, որ այդ դրույթն ամրագրելու դեմ արտահայտվելու ընթացքում ինչ օրինակ ասես բերվեց, սակայն այդ ամենը սուտ է:

-Ես չեմ վախենում այդ մեղադրանքը ներկայացնել,- ասել է նա ու հավելել,- Ուրեմն եկեք ազնիվ եղեք կոալիցիայի հարգելի անդամներ և ասացեք, որ դուք դեմ եք դրան միայն մի պատճառով, որովհետև եթե ցանկերը հրախպարակվեն պարզ կդառնա այն, ինչ ինձ պարզ դարձավ վաղուց: 1996թ. ես գտնվում էի բանտում, իմ կինը գնաց քվեարկելու նախագահական ընտրությունների ժամանակ ու տեսավ, որ իմ տեղն արդեն ստորագրած է ու ասեց, որ իմ ամուսինը բանտարկյալ է ու չէր կարող քվեարկել: Իրեն ասեցին` «ոչինչ՝կանցի քուր ջան»: Դա,  ի միջիայլոց, ժողովրդավարության համար կուրծք ծեծողի ընտրություններն էին` Լևոն Տեր-Պետրոսյանի:

Նա նշել է, որ եթե տարբերակների շուրջ բանակցություններ լինեն, դա այն պայմանն է, որը ՀՅԴ-ն պատրաստ չէ զիջել, քանի որ առանց դրա ամեն ինչ անիմաստ է:

Այնուհետև արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը և առաջարկել է ընտրության մասնակիցների ցուցակի հրապարակային լինելու մասին դրույթը ևս ներառել կոալիցիայի ներկայացրած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում:

-Մենք ասում ենք, որ թույլատրում ենք ընտրական ողջ գործընթացի նկարահանումը, բայց դիմադրում ենք, գտնում ենք, որ նպատակահարմար է, որ ընտրողների ցուցակները հրապարակային լինեն: Ճիշտն ասած չեմ հասկանում ի՞նչ տարբերություն կա ցուցակների հրապարակայնության և մասնակցի հրապարակայնության մեջ: Ինձ համար անհասկանալի է, որ մենք խախտում ենք ընտրության մասնակիցների գաղտնիության սկզբունքը և թույլ ենք տալիս նկարահանել, բայց մերժում ենք, որ ցուցակները հրապարակային լինեն,- ասել է Սամվել Նիկոյանը և նշել, որ դա կբերի նրան, որ ընդդիմությունը հնարավորություն կստանա իշխանությանն անընդհատ ասել, որ ընտրացուցակները հրապարակային չդարձվեցին: Հետևաբար, այսպիսով ընդդիմությանը խոսալու տեղ է թողնվում:

Նա առաջարկել է թողնել և նկարահանումը և ցուցակների հրապարակայնությունը, իսկ եթե դա իր մեջ ինչ-որ խնդիրներ է պարունակում, ուրեմն ավելի լավ է վերացնել նաև տեսանկարահանումը, քանի որ Հայաստանում հիմնական խնդիր է ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության առաջացումը:

ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն իր ելույթում նշել է, որ Դաշնակցության ներկայացրած նախագծում կա շահեկանորեն այլ վիճակ, թեկուզ այն պատճառով, որ հեղինակները, ի տարբերություն կոալիցիայի ներկայացրած նախագծի, ձևակերպել են ընտրական համակարգում առկա խնդիրները և փորձել են լուծումներ տալ:

Նրա խոսքերով կոալիցիան իր հայտարարությամբ, փաստորեն ասում էր, որ կոալիցիա է ստեղծելու նաև առաջիկա ընտրություններից հետ: Դա նշանակում է բազմակուսակցական համաակարգը բաժանել երկու մասի, ինչն անընդունելի է: ընդդիմության ճամբարում, նրա խոսքերով, անգամ զավեշտալի չէ այն հանգամանքը, որ քաղաքական հարթության կարևոր հարցերից մեկը դարձել է այն, թե մեկը մյուսին բարևե?ց, թե? ոչ:

-Բազմակուսակցական քաղաքական համակարգի առողջացման մեջ է, որ պետք է որոնել հարցերի պատասխաները, նորմալ պահանջներին բավարարող ընտրությունների անցկացումը, հակառակ դեպքում միշտ լինելու է կկուի պատմությունը, որ անընդհատ փոխում է իր բույնը` մտածելով, որ այդ ամենը բնից է, ոչ իրենից: Եթե իսկապես կա ցանկություն, ապա այս ուղղությամբ պետք է աշխատանք անել, բայց այդ ուղղությամբ աշխատանք գործնականում նկատելի չէ,- եզրափակել է Տիգրան Թորոսյանը և նշել, որ այդ առումով երկու նախագծերի քննարկումից և ընդունված փաստաթղթից ոչինչ կախված չի լինելու և լինելու է այնպես ինչպես ասում էր ՌԴ նախկին վարչապետը` «այս անգամ ուզում էինք, որ լինի ավելի լավ, բայց կլինի ինչպես միշտ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը