Աշխարհ

08.05.2020 22:20


Լիբիայում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ․ կան զոհեր և վիրավորներ

Լիբիայում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ․ կան զոհեր և վիրավորներ

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Զավիյաթ ալ-Դահմանի շրջանում, որտեղ գտնվում են Թուրքիայի և Իտալիայի դեսպանատները «Գրադ» տեսակի հրթիռներով հարձակում է տեղի ունեցել։

Թուրքական աղբյուրները պնդում են, որ հարձակման հետևում կանգնած են գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի ուժերը։

Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի ազգային համաձայնության կառավարության առողջապահության նախարարության տարածած հայտարարությամբ՝ Զավիյաթ ալ-Դահմանի շրջանում իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 3 քաղաքացի, որից 2-ը՝ անվտանգության աշխատակից։ Վիրավորվել է 4 մարդ։

Հաղորդվում է, որ բացի մարդկային կորուստներից կան նաև նյութական կորուստներ։

Ավելի վաղ՝ ապրիլի 27-ին, Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր, որ երկրի կառավարումն անցնում է բանակին: Հաֆթարը նշել էր, որ դուրս է գալիս 2015-ին ձեռք բերված քաղաքական համաձայնությունից, որի արդյունքում ձևավորվել էր Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը