Աշխարհ

08.05.2020 14:44


Թուրքիայում հացադուլից հետո մահացել է երաժիշտ Իբրահիմ Գյոքչեքը

Թուրքիայում հացադուլից հետո մահացել է երաժիշտ Իբրահիմ Գյոքչեքը

Թուրքիայում տևական հացադուլից հետո մահացել է ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ, թուրքական Grup Yorum երաժշտական խմբի կիթառահար Իբրահիմ Գյոքչեքը։

Նշվում է, որ մահվանից 2 օր առաջ՝ մայիսի 6-ին, Գյոքչեքը դադարեցրել էր 324 օր տևած հացադուլը և տեղափոխվել հիվանդանոց։ Դադարեցման պատճառն այն էր, որ համերգներ անցկացնելու նրա պահանջը բավարարվելու էր։

Սակայն մայիսի 8-ին Գյոքչեքը մահացել է։

Նշենք, որ «Grup Yorum» երաժշտական խմբի անդամներից Իբրահիմ Գյոքչեքը և Հելին Բյոլեքը կալանավորվել էին Թուրքիայում ահաբեկչական համարվող DHKP-C-ի անդամ լինելու մեղադրանքով։ Նրանց համերգներն արգելվել էին, վերջին 4 տարում ոստիկանները բազմիցս ներխուժել են Ստամբուլի Օքմեյդանի շրջանում գտնվող նրանց «Իդիլ» մշակութային կենտրոն։ Ի նշան բողոքի՝ երաժիշտները հացադուլ էին սկսել, պահանջելով խմբի կալանավորված անդամների ազատ արձակումը։ Սակայն Բյոլեքը հացադուլի 288-րդ օրը մահացել էր։

Ոստիկանների այդ գրոհների հետևանքով ավելի քան 30 մարդ ձերբակալվել էր, այդ թվում խմբի 7 անդամներ, որոնք մինչև այժմ էլ կալանքի մեջ են։

Հիմնադրման ժամանակներից՝ 1985 թվականից, տարբեր կազմերով հանդես եկող նշյալ խումբը 23 ալբոմ է թողարկել։ 2016 թվականից Թուրքիայի իշխանություններն արգելում են խմբի համերգները։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը