Լրահոս

23.03.2011 11:26


ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը նշում է Ջրի համաշխարհային օրը

Ջրի համաշխարհային օրվան նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ` ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքացիական հասարակության փորձագետները քննարկեցին ջրային պաշարների պաշտպանության և պահպանության հիմնահարցերը:

Կլոր սեղան քննարկումը կազմակերպել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիան» և «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն:

Այս տարի Ջրի համաշխարհային օրվա թեման է` «Ջուր քաղաքների համար. արձագանքելով քաղաքային մարտահրավերներին»: Երկրագնդի երկու բնակիչներից մեկն ապրում է քաղաքում: Քաղաքներն աներևակայելի արագությամբ ընդլայնվում են, և ուրբանիզացումն անհետևանք չի մնում: Ենթակառուցվածքային ներդրումները ուրբանիզացման տեմպին համընթաց չեն արվում, ջրի և աղբահանության ծառայություններն էլ զգալիորոն թերֆինանսավորված են: Ուստի հիմնական խնդիրը կայանում է ջրամատակարարման և ջրահեռացման քաղաքային ծառայությունների կառավարման մեջ:

Մասնակիցները քննարկեցին ջրի մատակարարման խնդիրները, Հայաստանում ներդրված որոշ ծրագրերի արդյունքներն ու դրանց համակարգումը: Կլոր սեղան քննարկումն անդրադարձավ նաև Սևանա լճի` որպես Հայաստանում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարի էկոլոգիական վիճակին:

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «ՄԱԿ ՀՏՎ-ն ուրախ է կազմակերպելու այս կլոր սեղանը` ջուր մատակարարող մասնավոր կազմակերպությունների, իշխանությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ, որոնք ուղղված են ջրի պաշարների պաշտպանությանն ու պահպանմանը, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման քաղաքային ծառայությունների կառավարմանը:

Հուսով եմ, որ փորձագետների քննարկումները ոչ միայն կնպաստեն հանրային իրազեկության մակարդակի բարձրացմանն, այլև կհանգեցնեն Հայաստանի բնության գանձերի` Սևանա լճի և քաղցրահամ ջրերի այլ կարևոր աղբյուրների պահպանմանն ուղղված կոնկրետ քայլերի»:

1993 թվականից ի վեր ամեն տարի մարտի 22-ին նշվում է Ջրի համաշխարհային օրը: Այն հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունը քաղցրահամ ջրերի կարևորությանը սևեռելու, ինչպես նաև դրանց պաշարների կայուն կառավարումը  ջատագովելու միջոց:

Այս խորագրի վերջին նյութերը