Հարցազրույց

06.05.2020 17:49


Այս դատավարությունը միայն Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը չէ, սա իրավական պետության ծնունդն է․ Սևակ Թորոսյան

Այս դատավարությունը միայն Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը չէ, սա իրավական պետության ծնունդն է․ Սևակ Թորոսյան

Panorama.am-ի հացազրույցը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, Փարիզի փաստաբանների պալատի անդամ, քրեական գործերով զբաղվող փաստաբան Սևակ Թորոսյանի հետ։

-Պարոն Թորոսյան, Դուք Փարիզի փաստաբանների պալատի անդամ եք։ Խնդրում եմ նաև այդ տեսանկյունից գնահատել դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից՝ երկրորդ անգամ արձակուրդ վերցնելն այն պարագայում, երբ ներկայացված ու առանց քննության են թողնված խափանման միջոցը փոխելու միջնորդություններ, երբ Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի համավարակի պայմաններում թիրախային խմբում է։

-Նախ ցավում եմ, որ կորոնավիրուսի համավարակով ու թռիչքների բացակայությամբ պայմանավորված չեմ կարող ներկա լինել ուրբաթ օրը նշանակված նիստին։ Անդրադառնալով հարցին՝ ասեմ, պետությունը պետք է երաշխավորի քրեական դատավարության շարունակականությունը։ Երկու ամիս լքել քրեական դատավարությունը, իհարկե, պաշտպանական կողմի իրավունքների խախտում է։ Եթե դատավորը լքում է դատավարությունը, նույնիսկ արձակուրդի պատճառաբանությամբ, ապա դա դատական կարգի հանցավորություն է։ Քանի որ այսօր վտանգավոր օրեր ենք ապրում՝ համավարակով պայմանավորված, այդ պատասխանատվությունը դառնում է քրեական՝ միջազգային քրեական օրենքի հիման վրա։

-Դատական տերմինների մեջ օգտագործվում է «ողջամտություն» բառը, որը սակայն հստակ սահմանում չունի։ Ինչ կասեք՝ օրինակ ինչպե՞ս պահանջել դատական պրոցեսի ողջամիտ ժամկետներ, ողջամիտ ընթացք, եթե դրանք որոշում է դատավորը։

-Ողջամտությունն արդեն տասնյակ տարիներ սահմանված է միջազգային դատարանների կողմից, մանավանդ ՄԻԵԴ կողմից։ Այս պահին Հայաստանի Հանարապետությունն էլ պետք է սահմանի այս հասկացությունը՝ հարգելով միջազգային ստանդարտները։ Անշուշտ, միջազգային ստանդարտները չեն պարտադրում երկրներին որոշակի ժամկետներ, օրինակ, երկու ամիս, չորս ամիս՝ այս առումով ազատ թողնելով երկրներին։ Դատավորի կողմից երկու ամիս արձակուրդն այս առումով անիմաստ է։ Սա մեկնաբանվում է միջազգային դատարանների կողմից որպես պաշտպանյալի իրավունքների խախտում։

-Այս պահին Ձեր թղթապանակում որքա՞ն է այս գործով խախտումների թիվը։ Մի քանի ամիս առաջ Դուք բարձարաձայնել էիք 30 խախտումների մասին, փոխվե՞լ է այս թիվը։ Որո՞նք ենք, ըստ Ձեզ, առավել աղաղակող խախտումները։

-Խախտումները շարունակվում են մինչև այսօր, ցանկը երկարում է։ Ամենամտահոգիչ խախտումները կապված են դատավորի անկախության սկզբունքի հետ, քանի որ առաջին մեծագույն խախտումները լուծում չգտան, այսօր շարունակվում է այդ նույն ճանապարհը։

Հիշեցնեմ, որ գրեթե երկու տարի առաջ գործադիր մարմինը հրահանգել էր դատավորին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, «դատավորն ուզի, թե չուզի»։ Եվրոպայում սրա հետևանքը կլինեին հրաժարականներ, բայց Հայաստանում այս հիմնական խախտման պրոցեսը շարունակվեց, վարչապետն անձամբ հրահանգեց, որ դատարանների դռները փակեն։

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ, որ կալանքից ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, քրեական գործ հարուցվեց և խուզարկություն կատարվեց նրա աշխատասենյակում։ Դատական նիստի ընթացքում դատավոր Արմեն Դանիելյանը խոսք չտրամադրեց պաշտպանական կողմին։

Եվ այսօր աշխարհում համավարակի իրավիճակում, երբ երկրները ազատ են արձակում հազարավոր բանտարկյալների, առողջական մտահոգություններից ելնելով, Հայաստանում դատավորն անտեսում է այս վտանգավոր վիճակը։ Հակառակ այն բանին, որ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի ու վաթսուն տարեկանից էլ բարձր է, ինքն էլ նախնական կալանքի տակ է։ Իսկ նախնական կալանքը կապված է անմեղության կանխավարկածի հետ, ուզենք, թե չուզենք։ Նախնական կալանքը պետք չէ շփոթել, նույնացնել պատժի հետ։

Հայաստանի Հանրապետությունը ձախողեց արդար դատավարություն կազմակերպել այս պահին, և պետք է այսօր ընդունի դա։

-Դուք հարցազրույցներից մեկում նշել էիք, որ երկիրն իր մեջ պետք է ուժ գտնի խախտումներին «ստոպ» ասելու համար։ Դուք նման կամք հիմա տեսնո՞ւմ եք իշխանությունների մոտ։

-Զգում ենք, որ իշխանության մեջ եղած մարդկանցից բոլորը չէ, որ համաձայն են վարչապետի հետ, և այս խախտումների անվերջ շարունակությունը մեծ անհանգստություն է պատճառում։ Սակայն աշակերտների հոգեբանություն է տիրում։ Զարթնումը պետք է սկսկի դատավորներից։ Դատավորը պետք է անկախանա, այսինքն, չենթարկվի կոռուպցիային։ Դատավորի դեպքում կոռուպցիան չի նշանակում գումար ստանալ, նշանակում է անարդար վճիռ կայացնել՝ իմանալով որ այն անարդար է։ Դատավորի անկախությունը նշանակում է անկախանալ քաղաքական իշխանություններից և ժողովրդի մարդազոհական պահանջներից։ Դատավորներն այս պատերազմում պետք է հաղթեն։ Բայց մեկուսացման ավարտից հետո շատ հաշիվներ պետք է տրվեն։

-Դուք Ֆրանսիայի փաստաբանների պալատի անդամ եք, որքանով տեղյակ եմ, դատավարության ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնում եք Ֆրանսիայի պետական ու այլ մարմինների։ Բացի նախագահ Մակրոնի պատասխան նամակից, ի՞նչ արձագանքեր կան։

-Այս համավարակի ծանր օրերին պետություններն ուրիշ մտահոգություններ ունեն։ ՄԱԿ-ի առաջարկով պետք է ազատ արձակվեին վաթսուն տարեկանից բարձր բանտարկյալները, հատկապես երբ նրանց առողջական վիճակը ծանր է։ Արդեն ասացի, եթե որևէ բան պատահի պարոն Քոչարյանին համավարակի հետ կապված, ես պատրաստ եմ միջազգային քրեական դատարան դիմել մահափորձ կատարելու հիմքով՝ ընդդեմ վարչապետի, արդարադատության նախարարի և դատավորի։

-Սոցցանցի հայկական տիրույթում, նաև դատարանի դահլիճոււմ սպառնալիքներ, հայհոյանքներ, վիրավորանքներ են հաճախ հնչում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների նկատմամբ։ Ինչո՞վ է պայմանավորված նման վարքագիծը, ըստ Ձեզ։ Որպես տարբեր երկրներում աշխատած փաստաբան, դա տարածվա՞ծ պրակտիկա է։

-Աշխարհում երկու տեսակի երկրներ կան. երկրներ, որ պատմականորեն հասկացել են, ընդունել են և հարգում են փաստաբանի անհրաժեշտությունը, և կան այնպիսի երկրներ, որ փաստաբանական պալատներն ընդունում են պարզապես այն բանի համար, որ միջազգային կոնվենցիաներն իրենց պարտադրում են դա անել։ Սրանք անհասու երկրներ են, որ մինչ օրս չեն հասկացել փաստաբանի կարևորությունը, ուր նույնացնում են մեղադրյալին ու պաշտպանին, փաստաբանը դառնում է գործադիր մարմնին թշնամի։

Այդ երկրների շարքում են Թուրքիան, Ադրբեջանը և դժբախտաբար Հայաստանը, այսօրվա Հայաստանը։ Եվրոպական երկրներում օրենքը պարտադրում է հարգել փաստաբանի գործը, իսկ անհասու երկրներում պետությունը կազմակերպում է փաստաբանի դեմ ատելության մթնոլորտ։

Այս դատավարությունը միայն Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը չէ, այս դատավարությունը իրավական պետության ծնունդն է։ Կամ Հայաստանի Հանրապետությունը կհաջողի ու կմտնի աշխարհի իրավական պետությունների շարքը, կամ կձախողի ու կմնա անհասու երկրների շարքում։

Այս խորագրի վերջին նյութերը