Լրահոս

22.03.2011 18:00


ԲՀԿ պատգամավոր. «Անհնար է, որ ընդվզումները հասցվեն պայթյունավտանգ վիճակի»

ԲՀԿ պատգամավոր. «Անհնար է, որ ընդվզումները հասցվեն պայթյունավտանգ վիճակի»

ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հանդես գալով հայտարարությամբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանն անդրադարձել է ժողովուրդների դժգոհության ալիքի բարձրացմանը, մասնավորապես նշելով, որ աշխարհում այդ ալիքը բարձրացել է սոցիալական հողի վրա և հայերն էլ անմասն չեն մնացել նման ալիքներից, սակայն դրանք ուղղված են եղել տվյալ հասարակարգի դեմ: Նա նշել է, որ 1988թ. համազգային շարժումը սովետական հասարակարգի դեմ էր, որն անկախության պայքար էր:

-Այսօր էլ, անհնար է, որ մեր նման ժողովուրդը քաղաքական դաշտում գոյություն ունեցող ընդվզումները հասցնի պայթյունավտանգ վիճակի` գլխավոր թեման դարձնելով հացի խնդիրը: Այլ բան է, երբ խնդիրները լինեն հայ մարդու բարոյական արժեքների ու նորմերր ոտնահարման և հայ մարդուն ոչ հարիր գործող ռեժիմի գոյությանը,- ասել է Ռուբեն Գևորգյանը և հավելել, որ նման հասունացում հայ հասարակության մեջ չի կարող լինել:

Նա նշել է, որ ամեն ազգ ունի իր ճակատագիրը և ապրում է իր ճակատագրով:

-Մինչև հայ մարդուն վայել բարեկեցիկ կյանք կերտելը դեռ ավելի բարդ խնդիրներ ունենք լուծելու թշնամիներով շրջապատված այս տարածաշրջանում,- նշել է նա:

Նա ընդգծել է, որ այսօր հայ ժողովրդից պահանջվում է զինվել համբերությամբ, լինել զգոն և միասնական թշնամիներով շրջապատված Հայաստանն անառիկ պահելու համար:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի` պատերազմ վերսկսելու վերաբերյալ հայտարարություններին, նա նշել է, որ այդ տեսակը զուրկ է գիտակցությունից, որ ժողովուրդների մեծությունն ու հզորությունը չի չափվում նրանց թվաքանակով:

-Այսօր մեր մեջ պետք է գերիշխի հավաքական լինելու կամքն ու գիտակցումը, որ բոլորս միասին մասնակից լինենք քաղաքական հոգևարգի մեջ հայտնված Ադրբեջանի կողմից մեր հանդեպ որդեգրած քաղաքականության հոգեհանգստին, հակառակ պարագայում դժվար կլինի ասել, թե այս կարևոր և պատասխանատու ժամանակահատվածում արժեքների ինչպիսի կորուստներ կունենանք,- իր ելույթը եզրափակել է Ռուբեն Գևորգյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը