Հարցազրույց

22.03.2011 17:35


Րաֆֆի Հովհաննիսյան.

Րաֆֆի Հովհաննիսյան.

Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պտասխանները Ազատության հրապարակում հավաքված լրագրողներին

Երեկ Ձեզ այցելել է մարդու իրավունքների պաշտպանը, և ըստ էության նշեց, որ Ձեր իրավունքը խախտվել է, և իսկապես Դուք իրավունք ունեք այստեղ՝ Ազատության հրապարակում, վրան կամ հովանոց ունենալու։ Հաշվի առնելով սա՝ արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվո՞ւմ է այստեղ վրան ունենալ։

–Այո՛, երեկ այցելել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ իր եզրակացությամբ առ այն, որ ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի և հացադուլի մեջ գտնվող մարդ, իմ հայեցողությամբ հասնում է կա՛մ մի վրան, կա՛մ էլ ընդարձակ հովանոց՝ ծածկ։ Հիմա մենք սպասում ենք, որ  ոստիկանապետության ներկայացուցիչները ստանալով համապատասխան հրահանգ՝ իրենք թույլտվություն կտան և իրենց ձեռքով, եթե ուզենան, տեղավորեն այդ վրանը։ Սա ինձ համար չորրորդական հարց է։ Սա իմ խնդրանքը կամ պահանջը չէ, այլ ՀՀ իշխանության վերաբերմունքն է սեփական համաքաղաքացուն։ Իր իրական դեմքի արտահայտությունն է, և մենք կսպասենք այստեղ։ Սրդեն 8–րդ օրն է, և  եթե իշխանությունը ցանկանում է մարդու իրավունքների պաշտպանի եզրակացությունը ի կատար ածել, միայն գոհ ու շնորհակալ կլինենք։

Պարո՛ն Հովհաննիսյան, անդրադառնալով այն քննադատություններին, որ մարտի 17–ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ինքը չմոտեցավ Ձեզ՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել է, թե ինքը չի մոտեցել, որովհետև դա հակասում է քրիստոնեական իր սկզբունքներին, և եթե Դուք,  հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեիք, ինքը ոչ միայն կողջուներ, այլև լիակատար զորակցություն կհայտներ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

–Այս ծոմը համեստ քաղաքական արձագանք է, և չի տեղավորվում քրիստոնեական, աստվածաբանության կամ ծիսակարգի շրջանակներում։ Կարող եմ միայն ասել, որ նրանք, ովքեր ուզում են իմ ներկայությունը Ազատության հրապարակում վերափոխել քրիստոնեական, կրոնական արարքի, կարծում եմ, որ չեն ծանոթացել մարտի 15–ի իմ հիմնավոր խոսքին, որը դարձավ այս Ազատության ծոմի հենքը։ Բոլոր դեպքերում ես քրիստոնեաբար եմ մոտենում այդ խոսքին և անգամ այդ ստերին և կեղծիքներին, որոնք գտնվում են հայտնի լրագրողուհու հոդվածի մեջ այդ լրատվամիջոցում։ Առավել քան կարևոր է, որ հասարակությունն ու ընդդիմությունը գտնի ընդհանուր հայտարար, լինի համահավաք, վեր հառնի սեփական և հատվածական կուսակցական ամբիցիաներից։ Եվ ես կարծում եմ, որ քաղաքացիական այդ տեղաշարժը, որ այս հրապարակում մենք տեսնում ենք, պետք է հիմք դառնա, որ ժողովուրդն ինքը թելադրի ու հրահանգի կուսակցական և ընդդիմադիր ղեկավարներին, թե իրենք ինչպես պետք է շարժվեն, գործեն և արտահայտվեն։ Միաժամանակ նրանք, ովքեր ուզում են սա դիտարկել որպես քրիստոնեական պատասխան, պարզապես կարող եմ ասել, որ ես ծանոթ եմ բոլորին, ընթերցում եմ, դա իմ պարտականությունն է։ Ես բոլորին, նաև առաջին նախագահին, անկեղծաբար և սիրով մաղթում եմ Աստծո օրհնություն և երկարատև կյանք։ Եթե որևէ մեկը կա, որ ինձ ցանկանում է սատանայի կործանում, ապա դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է։ Եվ քանի խոսում ենք օրհնանքների, ստերի, կեղծիքների և քրիստոնեական վարքի մասին, ապա կարող եմ առաջարկել, որ բոլորս ընթերցենք և հղում կատարենք նույն Սուրբ Հովհաննես Մանդակունու մատենագրության այն բաժնին, որում խոսվում է ոխ պահելու և վրեժ լուծելու մասին։

–Մամուլում տեղեկություն կա, որ  Լևոն Տեր–Պետորսյանը Ձեզ հորդորել է Ազատության հրապարակում հացադուլ չանել։ Նման բան կա՞, թե՞ ոչ։

–Ո՛չ, նման խոսակցություն չի եղել երբևէ՝ ո՛չ հացադուլ անել–չանելու, ո՛չ որևէ այլ թեմայի մասին։ Դա ուղղակի հորինվածք է, ինչպես հորինվածք է հայտնի լրագրողուհու այսօրվա հարցադրումների շարանը, ինչպես նաև հերհյուրանք է, որ կինս՝ Արմենուհին, նստում է կողքիս և հյուսվածք է անում և այլն։ Ես շատ եմ ասել, որ մեր լրատվամիջոցներում հերյուրանքներն ավելի շատ են, քան թե իրականությունը։

–Դուք Ձեր խոսքում խորհուրդ տվեցիք ընթերցել Հովհաննես Մանդակունու մատենագրության նաև այն հատվածը, որտեղ խոսվում է քեն պահելու մասին։ Կարծում եք՝ առաջին նախագահը քե՞ն է պահում Ձեր նկատմամբ։

–Ես առաջարկեցի, որ սելեկտիվ չլինենք մեր մեջբերումների մեջ, և քանի ոմանք ուզում են քրիստոնեական բացատրություն տալ սեփական մոտեցումներին և վարքին, ապա նույն աղբյուրին դիմեն, որտեղ կա նաև այլ տեսակետ։ Ես երբ խոսում եմ, դուք ինձ լավ եք ճանաչում, խոսում եմ ոչ անձնավորված և իմ օրինակով։ Դա պետք է տարածվի բոլորի՝ լրատվամիջոցների, լրագրողների, մեկնաբանների, քաղաքական գործիչների, իշխանությունների, ընդդիմության և բոլոր նախագահների վրա անխտիր։ Բոլորիս է վերաբերում։

– ՀԱԿ–ի հետ որևէ համագործակցության եզր այսօր տեսնո՞ւմ եք։

–Եզրի հնարավորություն տակավին տեսնում եմ։

–Իսկ ե՞րբ եք պատրաստվում դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով, որ շատերն են նման կոչ անում, իսկ երեկ էլ ԺԿ–ի նախագահ Տիգրան Կարապետյանը կոչ արեց։

–Այս օրերի ընթացքում ինձ մոտեցել են շատ  ու շատ համաքաղաքացիներ, ընտանիքներ, հոգևորականներ, կուսակցապետեր, մտավորականներ, հասարակական գործիչներ և թե՛ մասնավոր զրույցներում, թե՛ հրապարակավ խնդրել են, որ ես նայեմ իմ առողջությանը, և եթե որևէ բան կար վաստակելու, նվաճելու, ցույց տալու, դա արդեն տեղի է ուենցել։ Կրկնում եմ, որ ես կարծում եմ, որ Ազատության հրապարակը ժողովրդի իրացումը, վաստակն ու նվաճումն էր և ուրիշ ոչ մեկի։ Ես շնորհակալություն եմ հայտնում այդ համաքաղաքացիներին, կուսակցություններին, հեռուստաընկերություններին, օրինակ «Գալա»–ին, նաև Տիգրան Կարապետյանին, որ մոտեցել են և նույն դիմումով ինձ հայցել ավարտել ազատության ծոմը։ Ես սրտանց երախտագիտություն եմ հայտնում, որ նման անկեղծ ցանկություններ կան, ես զգում եմ դրանց հիմքն ու հիմնավորվածությունը, ուղղակի ես համարում եմ, որ թե՛ իշխանական հատվածից, թե՛ առավելաբար հասարակական հատվածից առաջիկայում դեռ զորաշարժի, զինաշարժի և մեծ վերանայումների անհրաժեշտություն ունենք հասկանալու համար, որ պետության հռչակման գրեթե 20 տարիներից հետո մենք գտնվում ենք օրհասական տագնապալի իրավիճակում, վտանգավոր զարգացումների շեմին, և հետաձգելով այս հարցերի լուծումը ևս մեկ–երկու տարի՝ մենք միայն հետաձգում ենք պայթյունները, որոնք արյունալի կարող են լինել և մեր պետության համար խիստ անցանկալի։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ բոլորս միասին՝ գործող իշխանությունները, որոնց ես ընդդիմադիր եղել եմ և կամ, և առավել ևս՝ ժողովուրդը, հասկանան, որ մենք պետք է շարունակենք այս ընթացքը՝ ամեն մեկն իր փոքր ինքնազրկանքով ու արտահերթ ու արտակարգ ձևով լուծում տալ մեր երկրի առջև ծառացած խնդիրներին։ Դրա համար էլ ես պետք է շարունակեմ իմ ազատության ծոմն այնքան ժամանակ, որքան Աստված ինձ կամք տա որպես քաղաքացի։

Իսկ հնարավո՞ր է՝ ընդառաջ գնաք բազմաթիվ մարդկանց խնդրանքներին և դադարեցնեք հացադուլը՝ անգամ եթե իշխանության կողմից որևէ արձագանք չլինի։

–Ես արդեն փորձեցի պատասխանել։ Իհա՛րկե, այնպես չէ, որ ես անտարբեր եմ այդ խնդրանքներին։ Ինձ համար սրտամոտ է, որ իմ որոշումը, առանձին վերցրած քաղաքացիական քայլը նաև որոշ ցավ, մտատանջություն է պատճառել իմ ընտանիքին, բարեկամներին, մերձավորներին և սովորական քաղաքացիներին։ Ես չեմ ուզում դա խորացնել, բայց ես նաև ունեմ իմ անելիքը, դրա համար ես կմնամ այստեղ, կմնամ հաղորդակից համաքաղաքացիներիս հետ։ Բայց ես կրկնում եմ, և ներողություն դրա համար, որ ես պետք է շարունակեմ այնքան ժամանակ, որքան իմ մարմինը ների և Աստված կամք տա։

–Նորմա՞լ եք համարում այն, որ Տիգրան Կարապետյանը Ձեզ նախկինում համարում էր ամերիկյան պրոյեկտ, բայց այսօր իր աջակցությունն է հայտնում Ձեզ։

–Շնորհակալություն հարցի համար։ Ես չեմ ուզում մեղք գործել, որովեհտև ես ունեմ իմ սխալների բաժինը, բայց եթե դիտարկենք, ապա վերջին 20 տարիներին մեր կուսակցական և լրատվական դաշտի զգալի մասը անցյալում իմ նկատմամբ սխալ բաներ են ասել, զրպարտել են, չարախոսել են, և ես չեմ արձագանքել, և եթե մարդը հնարավորություն է գտնում, անձնական, քրիստոնեական և անգամ քաղաքական նկատառումներով, վերանայել իր անցյալում կատարած սխալ պահվածքը, ես միայն կարող եմ ողջունել, և կարծում եմ, որ յուրաքանչյուրս պետք է կարողանանք վերանայել սեփական վարքը, հետագիծը և առավել ճշմարիտ դարձնել ապագայի համար։ Իհարկե, լավ գիտեք, թե ինչ է եղել այդ միակողմանի շարանը իմ նկատմամբ, բայց մարդը եկել է Ազատության հրապարակ և Ձեր առջև արտահայտել իր տեսակետը։ Ես որևէ ակնկալիք չունեի և չունեմ, բայց ողջունում եմ դա և կարծում եմ, որ դա խոսում է մարդկային որակի, մարդկային էության դրական գծերի մասին, և կուզեի, որ դա տարածվի բոլորիս վրա։

–Ինչ–որ փոփոխություն տեսնո՞ւմ եք իշխանության մոտեցման մեջ՝ ընդառաջ ձեր ակնկալիքներին և պահանջներին։

–Իշխանության վերաբերմունքի մեջ ես որևէ փոփոխություն չեմ նկատել և չեմ կարող ապագան կանխատեսել, բայց ես խիստ անհավանական եմ համարում, որ այս իշխանությունը, ի հեճուկս իր հետագծի, կկարողանա քաղաքական, արտահերթ լուծումներով հանդես գալ, բայց չեմ բացառում։ Համարում եմ, որ դեռ կան խղճով ղեկավարներ, որ կկարողանան վեր դասել սեփական և կուսակցական շահից, թեև դուք լավ գիտեք, որ իմ՝ Ազատության հրապարակ մտնելու ձգանը եղավ կոալիցիոն հուշագիրը, որը ես համարեցի կուսակցապետություն ստեղծելու սպառնալիք և մարտահրավեր։

–Շատերի համար անհասկանալի են Ձեր պահանջները։ Մտավախություն չունե՞ք, որ սա կընկալվի որպես «PR» ակցիա։

–Ես չեմ անհանգստանում, որովհետև համարում եմ, որ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը շատ բանական է, և ինքը տեսնում է, թե ով ինչպես է իրեն դրսևորում, արտահայտում, գործում, թե ով ով է, և այդ հարցում ես անհանգիստ չեմ։ Ես ինձ միշտ ու միշտ պահել եմ խիստ զուսպ, միշտ չէ, որ փայլել եմ ամենօրյա մատչելիությամբ, չեմ հետապնդել «PR» միավորներ այս կամ այն առիթով, այլ պարզապես որպես քաղաքացի հայտարարել եմ իմ ծոմն ու ահազանգը։ Մնացածը Ձեր գործն է՝ կուզեք կմոտենաք, կլուսաբանեք, կզորակցեք։ Ես չեմ բռնանում ձեր իրավունքի վրա և բնավ չեմ անհանգստանում, որ մեկը կարող է զրպարտել, արհամարհել կամ ասել, որ սա քրիստոնեական կամ «PR» ակցիա է։

–Բժիշկներ Ձեզ այցելո՞ւմ են, ինչպե՞ս են գնահատել Ձեր առողջական վիճակը։

–Բժիշկներն ամեն օր այցելում են և՛ 4–րդ պոլիկլինիկայից, և՛ «Շտապ օգնություն»–ից։ Իրենք մինչև հիմա որևէ մտահոգիչ ցուցանիշ չեն հայտնաբերել։ Ճնշումը, սրտի զարկերը և մնացած բոլոր գործառույթները շատ նորմալ են  և կանոնավոր։

–Խոսվում է այն մասին, որ ՀԱԿ–ի և իշխանությունների միջև ինչ–որ գործարք է կատարվել։ Ի՞նչ կասեք սրա մասին։

–Հայաստանում շատ են տարածվում դավային տեսությունները, և թեև դրանց 100–ից մեկը կարող է իրականություն լինել, բայց ես տրված չեմ այդ տեսություններին։ Ես ողջունում եմ, որ այդ օրը մեր համաքաղաքացիները թափորով եկան։ Մենք հոտնկայս էինք այստեղ, և ինձ զորակցելու եկած մարդիկ ևս հոտնկայս դիմավորեցին մեր համաքաղաքացիներին, և ես հրապարակավ ասացի, որ շատ  լավ է, որ ոստիկանությունը շատ բանական գտնվեց, համաձայնության եկավ և թույլ տվեց, որ ընդդիմադիր գործընկերները ունենան իրենց հանրահավաքն այստեղ։ Ես դրանից չեմ կարող բխեցնել, որ դա հատուկ գործակցություն է։ Առաջին նախագահն իր ելույթի մեջ օգտագործեց գործակցություն եզրույթը։ Ես չէ, որ դա պետք է մեկնաբանեմ։ Ես հակված չեմ նման մեկնաբանություններին։ Ամեն ինչ չէ, որ քաղաքական դաշտում սև և սպիտակ է, և ամեն ինչ չէ, որ համագործակցություն է և գործարք, բայց շատ հավանական է, որ այդ օրերին Հայաստանում գտնվող Եվրախորհրդի պատվիրակությունը, հանդիպելով թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ներկայացուցիչների հետ, փորձել է իր վրա վերցնել որոշակի միջնորդական առաքելություն, որի արդյունքը եղավ դա։ Եթե դա է, որևէ վատ բան չկա, և ես գիտեմ հրապարակային տեսություններն ու մտահոգությունները, ես գիտեմ, որ մարդիկ նաև մեկնաբանում են պահի ազդեցության տակ, և չեն տեսնում ընդդիմադիր ելույթների ամբողջ տիպաշարը։ Բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ ամեն մեկս խնդիր ունի հավատարիմ լինել ինքն իրեն։ Ընդդիմության մեջ մեր գործընկերները տարբեր նշաձողերով են տարբեր ժամանակներում առաջացել, ինչ են եղել պահանջները, և կարևոր է, որ այդ պահանջներն այնպես ներկայացվեն հասարակությանը, որ հարց չլինի, որ կա պահանջների փոփոխութփյուն՝ իջեցում կամ մեղմացում։ Հիմա ժողովուրդը պահանջում է լիազորագրում, իր իրավունքների պաշտպանություն, որ ընդդիմությունը դառնա իրեն սպասարկող ծառայության, այլ ոչ թե հակառակը՝ հրահանգ տվողը։ Եվ դրա համար կարծում եմ, որ ժողովրդի պահանջը կարող է շատ պարզունակ թվալ, բայց շատ իմաստուն է. միայն համատեղ, համակարգված պայքարով Հայաստան երկիրը իրավական արդար և արժանապատիվ երկիր դարձնելն է։

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը