Աշխարհ

04.05.2020 17:55


COVID-19. Չինաստանում վարակվածության ընդամենը 3 նոր դեպք է գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Չինաստանում վարակվածության ընդամենը 3 նոր դեպք է գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 589 հազար 263-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 248 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 162 հազար 712 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 189 հազար 845 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 68 հազար 633 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 247 հազար 122 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 264:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 210 հազար 717 է: Վարակից մահացել է 28 հազար 884 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 186 հազար 599: Վարակի հետևանքով մահացել է 28 հազար 446 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 168 հազար 693 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 895 մարդ:

Գերմանիայում 165 հազար 745 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 866 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվը 145 հազար 268 է: Այստեղ մեկ օրում 10 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1356:

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 126 հազար 045-ի, մահացածներինը՝ 3 հազար 397-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 101 հազար 826 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 051: Իրանում վարակվածների թիվը հասել է 98 հազար 647 է: Մեկ օրում հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 277 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 880 ընդհանուր, 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 593-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 16 հազար 191, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 14 հազար 163 է, մահացածներինը՝ 126:

Եգիպտոսում 6 հազար 465 հաստատված դեպք կա, մահացել է 429 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 5 հազար 278-ի, մահացածներինը՝ 40-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 296 վարակվածության, 97 մահվան դեպքով: Լիբանանում կա 740 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Գերմանիայում բացվել են վարսավիրանոցները, թանգարանները, կենդանաբանական այգիները

Գերմանիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա սահմանափակումները մեղմելու որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ մայիսի 4-ին դաշնային բազմաթիվ երկրամասերում թույլատրվել է վերաբացել վարսավիրանոցները, կրոնական հաստատությունները, հազարավոր դպրոցականներ վերադառնում են դպրոցներ:

Բազմաթիվ քաղաքներում բացվել են թանգարանները, ցուցասրահները, կենդանաբանական այգիները և բուսաբանական այգիները: Սաքսոնիա-Անհալթ երկրամասում թույլատրվում է մինչև հինգ անձի հավաքվելը, եթե պահպանվելու է 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

Որոշ երկրամասերում թույլատրվել է բացել առևտրի կենտրոնները: Նշվում է, որ սահմանափակումների մեղմացումն ուղեկցվում է անվտանգության կանոնները խիստ պահպանելու ցուցումով ու գործընթացի վերահսկողությամբ:

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է կարանտինի ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 22-ը

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է կարանտինի ժամկետը երկրաձգել մինչև մայիսի 22-ը, սակայն մայիսի 11-ից որոշ սահմանափակումներ, ամեն դեպքում, կհանվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգելը: Նա տեղեկացրել է, որ, վերջին տվյալների համաձայն, երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 12 հազար 331, որոնցից 303-ը մահացել, 1619-ն ապաքինվել են:

«Կարանտինի մեղմացումը չի նշանակում դրա ամբողջական հանում: Կարանտինի ժամկետը կերկարաձգվի մինչև մայիսի 22-ը: Հետագայում մեր անելիքները պարզ կլինեն՝ կապված վարակի զարգացումների հետ»,-ասել է նա:

Մայիսի 11-ին, կառավարությունը մտադիր է հանել սահմանափակումներն այգիներում զբոսնելու, հանգստավայրերում լինելու հետ կապված, դրանից բացի՝ նախատեսվում է թույլատրել որոշ մարզաձևերի մարզումները, բացել սրճարանները, ավտոլվացման կետերը, հեծանիվների խանութները, ատամնաբուժարանները, նոտարի և փաստաբանական գրասենյակները:

Հռոմի պապը հայտնել է կորոնավիրուսի դեմ համընդհանուր աղոթքի օրը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ ամբողջ աշխարհի հավատացյալները մայիսի 14-ին կարող են աղոթել կորոնավիրուսից ազատվելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով korrespondent.net կայքին, Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը քարոզի ժամանակ կոչ է արել գիտական ողջ հանրությանը՝ որքան հնարավոր է շուտ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ գտնել:

«Մենք ամբողջ աշխարհում մարդկանց հրավիրում ենք դիմել Աստծուն՝ աղոթելով և ներում հայցելով, ծոմ պահելով և բարի գործեր կատարելով՝ համապատասխան մեր կրոնին, մեր հավատամքին և ուսմունքին, որպեսզի Նա վերջ դնի այս համավարակին, ազատի մեզ ներկայիս տառապանքից, օգնի գիտնականներին դրա դեմ դեղամիջոց գտնել, որպեսզի ազատի աշխարհն այս լուրջ վիրուսի տարածման սանիտարական, տնտեսական և հումանիտար հետևանքներից»,- ասվում է հայրապետի ուղերձում։

Հռոմի պապը նաև կոչ է արել բոլոր գիտնականներին մեծ ջանքեր ներդնել հնարավորինս արագ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալու համար։ Նա ընդգծել է նաև, որ «այդ ջանքերը պետք է անշահախնդիր լինեն, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա բուժման հույս ունենալ»։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն իր աջակցությունն է հայտնել բոլոր նոր տիպի կորոնավիրուսով հիվանդ անձանց, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին և կամավորներին։

Եվրամիությունը դրամահավաք է անցկացնում համավարակի դեմ պայքարելու համար

Եվրամիությունը մայիսի 4-ին անցկացնելու է միջազգային դոնորների առցանց համաժողով: Մտադիր են հավաքել 7,5 մլրդ եվրո` հետագայում վարակի տարածմանը հակազդելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Euronews»-ը:

Նշվում է, որ մայիսի 4-ին մի շարք եվրոպական երկրներում ուժի մեջ է մտնում սահմանափակումների թուլացման մասին որոշումը: Մասնավորապես, Իտալիայում, որը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով աշխարհում երկրորդն է, ուժի մեջ է մտնում մեկուսացումից դուրս գալու որոշումը: Թուրինի քաղաքապետը նշել է, որ քաղաքը պատրաստվել է այն բանին, որ քաղաքացիներն օգտվեն հասարակական տրանսպորտից, իրականացվել են ախտահանիչ աշխատանքներ, ուղևորների համար սահմանվել են տրանսպորտից օգտվելու կանոններ: Ինչպես Իտալիայում, այնպես էլ վարակվածների թվով երկրորդը հանդիսացող Իսպանիայում մայիսի 4-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս դիմակներ կրելը պարտադիր է: Ֆրանսիայում կարանտինը հանվում է մայիսի 11-ին: Այս երկրի Կրթության նախարարությունը տարածել է անվտանգության կանոնների վերաբերյալ ուղեցույց մանկապարտեզների ու դպրոցների բացման հետ կապված:

Իտալիայում 4,5 միլիոն մարդ վերադառնում է աշխատանքի

Իտալիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի հետևանքով մտցված սահմանափակումները թուլացնելու որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ սահմանափակումների թուլացումը վերաբերում է արտադրական ու շինարարարական գործունեությանը. այստեղ աշխատանքները կանգնեցվել էին մարտի 22-ին: Սահմանափակումների թուլացման արդյունքում աշխատանքի է վերադառնում 4,5 մլն մարդ: Նրանք կարող են օգտվել հասարակական տրանսպորտից:

Ամեն դեպքում, իտալացիների առօրյա կյանքում, շատ բան չի փոխվում, առևտրի կենտրոնները, ռեստորանները, բարերը, մարզասրահները, լողավազանները, վարսավիրանոցները կմնան փակ: Այն մարդիկ, որոնց գործունեությունը կապված է այս ոլորտների հետ, դեռ կմնան տանը՝ փաստացի առանց վարձատրության: Առայժմ չեն բացվում նաև ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները: Քննությունները կկազմակերպվեն առցանց:

Մայիսի 3-ի տվյալներով մեկ օրվա ընթացքում գրանցվող վարակի նոր դեպքերի թիվը Իտալիայում կազմում է 1 400: Այն համավարակի բռնկումից ի վեր ամենացածր ցուցանիշն է երկրում:

Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վարչապետները քննարկել են ԱՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ որդու ծնվելու առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ստեղված իրավիճակը:

«Վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ ունեցել եմ զրույց: Ուրախ էի լսել, որ նա վերադարձել է և արդեն իրեն լավ է զգում: Շնորհավորեցի նրան որդու ծննդյան առթիվ: Մենք նաև քննարկել ենք կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը, թե ինչպես ենք կարողանում արձագանքել, ինչպես ենք պատրաստվում անվտանգ ձևով բացել մեր տնտեսությունը: Անդրադարձել ենք ԱՀԿ-ի շուրջ ծավալված խնդիրներին, ինչպես նաև խոսել ենք այն մասին, որ դասեր քաղենք այս բռնկումից, որը շատ մարդկանց կյանքեր խլեց»,- «Թվիթեր»-ում գրել է Ավստրալիայի վարչապետը:

Տեղական «9 News Australia» հեռուստաընկերությունը հայտնում է, որ սա առաջին զրույցն է այն բանից հետո, երբ կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետն ապաքինվել էր և դուրս գրվել հիվանդանոցից: Նշվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են Չինաստանում կորոնավիրոսւի ծագման հետ կապված անկախ քննություն անցկացնելու հնարավորությունը:

Վրաստանի որոշ քաղաքների ելումուտի բոլոր սահմանափակումները կհանվեն

Վրաստանի Բաթում և Քութայիս քաղաքների ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գռուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: «Վաղվանից Բաթում և Քութայիս քաղաքներում տեղաշարժման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվում են: Թբիլիսի և Ռուսթավ քաղաքների հետ կապված որոշ սահմանափակումներ դեռ կմնան ուժի մեջ: Դա ուղիղ կապ ունի հարևան շրջաններում համաճարակային իրավիճակի հետ»,- ասել է Գախարիան: Նա հույս է հայտնել, որ այդ երկու քաղաքները ևս բացելու հետ կապված որոշումներ կլինեն շաբաթվա վերջում:

Վրաստանի վարչապետը նաև տեղեկացրել է, որ շինարարության ոլորտի ընկերություններին մայիսի 5-ից թույլատրվում է վերկսել իրենց աշխատանքը: Նա նշել է, որ բացվող ընկերություններում ամեն օր իրականացվելու է անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն:

Այս խորագրի վերջին նյութերը