Աշխարհ

04.05.2020 17:34


Լուկաշենկոն հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակին՝ երկրում ամռանը նախագահական ընտրություններ կանցկացվեն

Լուկաշենկոն հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակին՝ երկրում ամռանը նախագահական ընտրություններ կանցկացվեն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակին՝ երկրում ամռանը պետության ղեկավարի ընտրություններ տեղի կունենան․ դրանց անցկացման ճշգրիտ ամսաթիվը հայտնի կդառնա մոտ ապագայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Մենք դրանք (նախագահական ընտրությունները) տեղափոխելու որևէ հիմք չունենք, Սահմանադրությամբ այդ ընտրությունները հետաձգելու հնարավորություն նախատեսված չէ։ Այդ պատճառով էլ կանցկացնենք, մոտ ապագայում էլ ամսաթիվը հայտնի կդառնա, սակայն այն, որ ամռանը տեղի կունենա, դա հաստատ է։ Վերջնաժամկետն օգոստոսի վերջն է»,-նշել է Լուկաշենկոն տեսահամաժողովի ձևաչափով Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ ունեցած քննարկումների ընթացքում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի օրացույցի համաձայն՝ Բելառուսում նախագահական ընտրությունները պետք է ամռանը տեղի ունենան։ Բելառուսի ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան, իր հերթին, ավելի վաղ հայտարարել էր, որ դրանց անցկացման միակ հնարավոր ամսաթիվը օգոստոսի 30-ը կարող է լինել։

«Բելառուսում կորոնավիրուսի համավարակի ֆոնին նախագահական ընտրությունների հետաձգման հիմք կարող է դառնալ երկրում արտակարգ դրությունը, սակայն ներկա իրավիճակը հաշվի առնելով՝ նման բան տեղի չի ունենա»,-նշել է ԿԸՀ ղեկավարը։

Հայտնի է, որ ընտրությունների անցկացման ամսաթվի վերաբերյալ որոշումը պետք է խորհրդարանը կայացնի։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը