Հարցազրույց

01.05.2020 12:55


Երբ Նիկոլ Փաշինյանը բռնության կոչեր է անում, սա ազդում է մարդկանց վրա․ Գուրգեն Եղիազարյանը՝ Գավառում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)

Երբ Նիկոլ Փաշինյանը բռնության կոչեր է անում, սա ազդում է մարդկանց վրա․ Գուրգեն Եղիազարյանը՝ Գավառում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)

Գավառում տեղի ունեցած միջադեպերի առթիվ, բնականաբար, քրեական գործ հարուցված կլինի, բայց առաջինը պետք է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ ով հանդես է գալիս բռնության կոչերով։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով երեկ ուշ երեկոյան Գավառում տեղի ունեցած ողբերգական միջադեպին։

Գուրգեն Եղիազարյանի դիտարկմամբ՝ երեկ Գավառում տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի խոսքով ասած «սամասուդ էր»․ «Երբ ամենաբարձր ամբիոններից հնչում են բռնության կոչեր, ներքևի շերտերի վրա դա բնականաբար ազդում է։ Նիկո՛լ, դու էլ բան ու գործ չունե՞ս, վերջ տուր բռնության կոչերիդ»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Պարացելսուս» ՀԿ ղեկավար Նունե Ներսիսյանը հարց է ուղղում ՀՀ Պարետին, վարչապետին ու Առողջապահության նախարարին․ «Մենք գտնվում ենք արտակարգ դրության պայմաններում։ Էդ ո՞նց է լինում, որ Նորատուսից Գավառ հինգ հարյուր մարդ է գնում ու ներխուժում հիվանդանոց»։

Նունե Ներսիսյանը պդնում է, որ տեղում գտնվող ոստիկանները պետք է կանխեին հարձակումը․ «Գեղարքունիքի մարզպետը պնդում էր, որ կոտրել են դռները, պատուհանները ու ներխուժել հիվանդանոց, դե թող այս դեպքի հետ կապված էլ ներկայացնեն կադրերը»։

Դիտարկմանը, որ այսօր կարող են ասել՝ նախկինում էլ նման դեպքեր եղել են, Գուրգեն Եղիազարյանը նշել է. «Երկրագունդը պտտվում է, մենք առաջ ենք գնում և շատ բաներ փոխվում են»։

Նունե Ներսիսյանն էլ ասել է․ «Երկու տարի է նախկինները մերժված են, այս իշխանությունը բերել է սեր ու թավիշ, սա է՞ Ձեր սերը, թավիշը»։

Հարցին՝ այս միջադեպից հետո ոստիկանապետը պետք է հրաժարական տա, թե՞ ոչ, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է․ «Եթե մեկը պետք է հրաժարական տա, դա Նիկոլ Փաշինյանը պետք է լինի։ Ի՞նչ ասեմ ոստիկանապետի մասին, եթե այս ամենի հրահրիչը վարչապետն է»։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը՝ Գուրգեն Եղիազարյանն ասել է․ «Այսօր Փաշինյանը վենդետա է իրականացնում նաև կալանավայրերում։ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու պատճառով՝ տուժում են նաև նույն տարիքային խմբում գտնվող մարդիկ»։

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն է այն մարդը, ով դիտավորյալ Քոչարյանի ու մյուսների գործով դատական գործընթացը ձգձգում է։

Նունե Ներսիսյանի խոսքով էլ՝ այն դեպքում, որ Ռոբերտ Քոչարյանին քանի դեռ մեղադրանք առաջադրված չէ, ինչու՞ են շարունակում Քոչարյանին կալանքի տակ պահել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը