Լրահոս

22.03.2011 10:26


Եմենի արտերկրյա դիվանագետները աջակցություն են հայտնել ցուցարարներին, իսկ մայրաքաղաքում հարձակում է եղել «Ալ–Ջազիրայի» վրա

Եմենի արտերկրյա դիվանագետները աջակցություն են հայտնել ցուցարարներին, իսկ մայրաքաղաքում հարձակում է եղել «Ալ–Ջազիրայի» վրա

Ինչպես հաղորդում է «Ալ–Ջազիրա» հեռուստաընկերության բլոգը, երեկ Եմենի մայրաքաղաք Սանայում հարձակվել են «Ալ–Ջազիրայի» շենքի վրա և տարել են սարքավորումները։

Չնայած դրան՝ հեռուստաընկերության լրագրողները մայրաքաղաքի հրապարակից շարունակել են հաղորդումներ տալ ընթացող իրադարձությունների մասին։ Այդ պահին հրապարակում ցույց է եղել, որի մասնակիցները  պահանջել են Եմենի թագավոր Ալի Աբդուլ Սալեհի հրաժարականը։

«Associated Press» գործակալությունն էլ հաղորդում է, որ Եգիպտոսում Եմենի դեսպան Աբդել–Վալի ալ–Շամիրին և Արաբական երկրների լիգայի մշտական ներկայացուցիչ Աբդալ Մալիք Մանսուրը հայտարարել են, որ Եմենի մի շարք բարձրաստիճան դիվանագետներ իրենց աջակցությունն են հայտնում երկրի թագավորի հրաժարականը պահանջող ցուցարարներին։  Կահիրեում գտնվող դիվանագետները թագավոր Ալի Աբդուլ Սալահին կոչ են արել դադարեցնել բռնություններն ու հրաժարական տալ։

Հիշեցնենք, որ Եմենում հակակառավարական ցույցերը սկսվել են այս տարվա հունվարից։ Դրությունը սրվել էր  այն բանից հետո, երբ մարտի 18–ին Սալեհի վարչակարգի կողմնակիցներն ու ընդդիմադիրները բախվել էին, որի հետևանքով ավելի  քան 30 մարդ էր զոհվել, իսկ հարյուրավորներն էլ վնասվածքներ էին ստացել։ Այդ բանից հետո Սալեհը  երկրում արտակարգ դրություն էր հայտարարել։

Այս խորագրի վերջին նյութերը