Լրահոս

21.03.2011 17:08


Գյումրիում մեծացել է փոխանցիկ պետհամարանիշներով ավտոմեքենաների քանակը

Վերջին շրջանում Գյումրիում մեծացել է փոխանցիկ պետհամարանիշներով ավտոմեքենաների քանակը: Դրանք հիմնականում նախկին վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներն են, որոնց վարորդները երկարատև պայքարից հետո այնուամենայնիվ ստիպված էին համակերպվել կառավարության որոշման հետ և պետության կողմից տրամադրվող անտոկոս վարկերից օգտվելով՝ մաքսազերծում են իրենց ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացրեցին Շիրակի մարզպետարանից, վարորդներին տրամադրվող անտոկոս բյուջետային վարկի գումարը հասցվել է 1 մլրդ դրամի: Իսկ մեկ ավտոմեքենայի մաքսազերծման համար վարորդից միջին հաշվով պահանջվում է 400- 500 հազ. դրամ: Շիրակի մարզում հաշվառված  վրացական պետհամարանիշով 657 ավտոմեքենաներից,  կառավարության ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն 586 մեքենայի սեփականատերեր: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը փոխանցել է, որ  այսօրվա դրությամբ մարզպետարանում հաշվառվել է 451 մեքենա, իսկ պայմանագիր դեռևս կնքվել է նրանցից 295-ի հետ։

–Վարկերի ստացման վերջնաժամկետը երկարացվել  է մինչև մարտի 25-ը ներառյալ: Կարող են գալ, դիմել պայմանագիր կնքելու համար: Օրական մարզպետարանում կնքվում է մինջինը 30 պայմանագիր,-ասել է Ալբերտ Մարգարյանը:

Իսկ վրացական պետհամարանիշով ավտոմեքենայի սեփականատեր Վարդան Սուքիասյանը նշում է, որ իրականում այս քայլին իրենք ստիպված են դիմել, քանի որ տարբերակ չունեն.

–Մենք չկարողացանք մինչև վերջ պաշտպանել մեր իրվունքները, որովհետև միասնական չեղանք, շատերը վախեցան, ոմանք էլ դավաճանեցին,-ասել է Վարդան Սուքիասյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը