Լրահոս

21.03.2011 14:17


Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Խորվաթիայի խորհրդարանի նախագահի հետ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Խորվաթիայի խորհրդարանի նախագահի հետ

Մարտի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բիբիչի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հարաբերությունները Խորվաթիայի հետ եւ շահագրգիռ է տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու մեջ:

Կողմերը նշեցին, որ 2009-ին Հայաստանի եւ Խորվաթիայի Նախագահների փոխայցելություններից հետո երկու պետությունների միջեւ համագործակցությունը նշանակալի կերպով սերտացել է: Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ հարաբերությունների զարգացմանը նոր թափ կհաղորդի 2011-ին սպասվող՝ Խորվաթիայի Նախագահ Իվո Յոսիպովիչի այցը Հայաստան:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտությանը եւ Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարի այցը նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական համագործակցությանը: Զրուցակիցներն ընդգծեցին, որ խորհրդարանների միջեւ կապերը ոչ միայն դրական նշանակություն ունեն երկկողմ հարաբերությունների, այլեւ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության տեսանկյունից:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Լուկա Բիբիչը մտքեր փոխանակեցին ԵՄ հետ համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ:

Խորվաթիայի խորհրդարանի նախագահի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Այս խորագրի վերջին նյութերը