Աշխարհ

24.04.2020 23:17


Թուրքիան արձագանքել է Թրամփի ապրիլի 24-ի ուղերձին

Թուրքիան արձագանքել է Թրամփի ապրիլի 24-ի ուղերձին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձը։

Սպիտակ տան ղեկավարը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում օգտագործել է «Մեծ եղեռն» ձևակերպումը և այն անվանել 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը։

Ի պատասխան Սպիտակ տան ղեկավարի ուղերձին՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ պաշտոնական Անկարան գնահատական է տվել Թրամփի ուղերձին։ Ըստ այդ գնահատականի՝ ԱՄՆ նախագահի ուղերձը «հիմնված է այն սուբյեկտիվ ընկալումների վրա, որոնք հայերի կողմից փորձ է արվում դարձնել դոգմա»։

«Ներքաղաքական նկատառումներով արված այս հայտարարությունը մեզ համար չունի ոչ մի իրավական ուժ: Մենք մերժում ենք այդ հայտարարության մեջ արված պնդումները»:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ դեռևս ուժի մեջ է 1915-ի դեպքերն ուսումնսիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը։

«Հավատում ենք, որ եթե ստեղծվի նման հանձնաժողով, ապա փաստերն իրապես կբացահայտվեն»:

Հիշյալ հանձնաժողովի ստեղծումն օրակարգից դուրս մղելու համար Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրում է հայերին՝ նրանց անվանելով ծայրահեղականներ։ Ըստ Անկարայի՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը պիտի նկատի դա ու գործի համարժեք։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության վերջնամասում ասվում է. «Մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրության անկման շրջանում իրենց կյանքը կորցրած մահմեդական, քրիստոնյա և հրեա քաղաքացիական անձանց հիշատակը»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը