Լրահոս

21.03.2011 10:54


Ռ. Թորոսյանն ապշած է ՀՀ–ին հասցեագրված ԵԱՀԿ նախագահի ողջույնից

Ռ. Թորոսյանն ապշած է ՀՀ–ին  հասցեագրված ԵԱՀԿ նախագահի ողջույնից

Հայաստանյան «խորքային ժողովրդավարության» աջակից՝ ԵԱՀԿ գործող նախագահ Պարոն Աուդրոնիուս Աժուբալիսին, Պատճենը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

Հարգելի պարոն նախագահ,

հավատացեք, որ ապշած ենք, «խորքային ժողովրդավարական բարեփոխումների» վերաբերյալ մեր երկրին հասցեագրված Ձեր ողջույնից/տե′ս Հ.Գ./: Գոնե, մանրամասնեք: Հավանաբար, Դուք այն բարեփոխումները նկատի ունեք, որոնց շրջանակներում, 1. շարունակում են բանտերում պահվել բազմաթիվ քաղբանտարկյալներ, 2. բռնապետության դեմ իրենց պայքարով հարյուր հազարավոր հայաստանցիներ շարունակում են դուրս գալ փողոցներ, իսկ Ազգային ժողովին մաս կազմող կուսակցություններից մեկի առաջնորդը հացադուլի է նստած, անգամ, Ձեր «աչքի առջև», 3. ապօրինի ընտրությունների և ողբերգական «Մարտի 1»-ի արդյունքում ձևավորված իշխանությունները չեն կատարում եվրոպական իրավասու կառույցների որոշումներն /առաջարկությունները/, այդ թվում, բացարձակորեն ոչինչ չեն անում ընտրությունների օրինական անցկացման ուղղությամբ:

Մեղմ ասած, զարմանալի է նաև Ձեր ողջույնն` այս խեղկատակությանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մասնակցության կապակցությամբ, այն էլ` «բարձր մակարդակի համագործակցությամբ»:

Հաշվի առնելով քաղաքական Ձեր անցած ճանապարհը, հեռու ենք այն մտքից, որ այդ ոգևորվածության պատճառը շփոթվածությունն է ԵԱՀԿ նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու առիթով, սակայն, ակնհայտ է նաև, որ Ձեր հայտարարությունները հեռու են հայաստանյան իրականությունից:

Մենք շատ բարձր կարծիքի ենք Լիտվայի քաղաքական գործիչների մասին և, կարծում ենք, որ Դուք բացառություն չեք կարող լինել:

Այդ կապակցությամբ, հույս ենք հայտնում, որ այսուհետ զգուշորեն կամ առավել ուշադիր կվերաբերվեք պարոն Կապինոսի գլխավորած գրասենյակի տրամադրած տեղեկատվությանը:

Ի դեպ, արդեն կես տարի է, որ այդ գրասենյակից չենք կարողանում տեղեկատվություն ստանալ իրենց մասնակցությամբ /նախաձեռնությամբ/ անցկացված «Ընտրական օրենսդրության Համաժողովի» մասին: Տեղյակ չեն անգամ, թե ում և ինչու են հրավիրել այդ «խորքային ժողովրդավարական» անվամբ միջոցառմանը: Իսկ Դուք ողջունում եք:

Հարգանքով` «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի համակարգող

Ռ. Թորոսյան

Հ.Գ.- http://www.osce.org/hy/cio/76162«Ես ողջունում եմ Հայաստանի կողմից հռչակված խորքային կանոնակարգիչ,Դատական և ժողովրդավարական բարեփոխումները: Ես նաև ողջունում եմ բարձր մակարդակի համագործակցությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ, որն առաջարկում է անմիջական աջակցություն բարեփոխման գործընթացին: Այն ներառում է բարեփոխումներ` մյուս տարի խորհրդարանական ընտրություններից առաջ` ապահովելու լայն քաղաքական մասնակցություն և հարգանք` մամուլի, հանրահավաքների և միավորումների ազատության նկատմամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը