Տնտեսական

23.04.2020 11:13


Ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունը կտրամադրվի հարկային մարմիններին՝ առանց դատարանի որոշման․ նախագիծ․ «Փաստ»

Ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունը կտրամադրվի հարկային մարմիններին՝ առանց դատարանի որոշման․ նախագիծ․ «Փաստ»

«Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում: Հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածը սահմանում է, որ հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է հարկային օրենսգրքով նախատեսված, մասնավորապես՝ երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունները:

Երրորդ անձ է համարվում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հարկ վճարողը, որը նույն կետով, այլ բան սահմանված չլինելու դեպքում` կառավարության սահմանած կարգով, հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի գործարքի, գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ: Բանկային, առևտրային, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է օրենքով սահմանված կարգով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ապահովագրական գաղտնիքն ապահովագրական գործունեության ընթացքում ապահովադրի (ապահովագրության պայմանագրի այն կողմը, որին կամ որի մատնանշած անձին ապահովագրողը պարտավորվում է հատուցել ապահովագրության պայմանագրով նախատեսված իրադարձության տեղի ունենալու հետևանքով պատճառված վնասը կամ դրա մի մասը-խմբ.), ապահովագրված անձի կամ շահառուի վերաբերյալ ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին հայտնի դարձած ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի առևտրային գաղտնիքը կամ այլ տեղեկությունն է, որն ապահովադիրը կամ ապահովագրված անձը մտադիր են եղել գաղտնի պահել, և ընկերությունը, վերաապահովագրական ընկերությունը կամ ապահովագրական միջնորդը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ:

Օրենքի 115-րդ հոդվածի համաձայն՝ ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն իր հաճախորդների և բյուրոն իր անդամների հաճախորդների վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները, նույն օրենքի համապատասխան, տրամադրում են հարկային մարմիններին միայն դատարանի՝ քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:

ՊԵԿ-ը կարծում է, որ այս դեպքում, երբ հարկային մարմիններին, որպես պետական հսկողություն իրականացնող մարմինների, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրվում է միայն դատարանի որոշումների հիման վրա, հարկային հսկողության իրականացման շրջանակներում ապահովագրական ընկերություններում չարաշահումները բացահայտելու համար առաջանում են մի շարք խնդիրներ:

Օրինակ՝ երբ ապահովագրական ընկերություններում հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացքում վերջիններիս համախառն եկամուտը (ապահովագրական հատուցումների պարագայում՝ որպես ծախս, իսկ ապահովագրական վճարների պարագայում՝ որպես եկամուտ) պարզելու նպատակով՝ պահանջվում են փաստաթղթեր՝ պայմանագրեր, ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի վերաբերյալ:

Սակայն դրանց՝ ապահովագրական գաղտնիք համարվելու հիմքով ապահովագրողի կողմից այդ փաստաթղթերը չեն տրամադրվում հարկային մարմնին՝ հաշվի առնելով այն, որ ներկայումս գործող օրենսդրական կարգավորումներով դրանք կարող են տրամադրվել միայն դատարանի որոշումների հիման վրա, իսկ դա ստանալը կարող է ավելորդ երկարացնել ստուգման բնականոն ընթացքը և առաջացնել լուրջ խոչընդոտներ:

Այս նախագծի համաձայն՝ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմիններին են տրամադրվելու հարկային հսկողության շրջանակներում դրանք օգտագործելու նպատակով, իսկ վերջիններս էլ պարտավոր են պահպանել և չհրապարակել դրանք:

Ընդ որում, «Հարկային ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածը սահմանում է, որ հարկային ծառայողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով պահպանել պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո, այսինքն՝ հարկային մարմինը հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին:

Հիմք ընդունելով սա, ինչպես նաև միջազգային փորձը, հարկային մարմնի կողմից օրենքով սահմանված գաղտնիք համարվող տեղեկատվության պահպանություն իրականացնելու պարտականությունը, ինչպես նաև հարկային հսկողության իրականացման շրջանակներում հարկային մարմնի համար այդ տեղեկատվությունը ստանալու անհրաժեշտությունը՝ նախագծով ամրագրվում է այն դրույթը, որ առանց դատարանի որոշման ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկատվությունը պետք է տրամադրվի հարկային մարմիններին:

Այս կերպ ակնկալվում է ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվության տրամադրումը հարկային մարմիններին, առանց դատարանի որոշման, վերջիններիս կողմից դրանք հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը