Լրահոս

21.03.2011 09:32


ՀԱԸ սահմանում է տարեկան մրցանակներ գիտական լրագրողների համար

Նպատակ ունենալով խրախուսել գիտական թեմաներով լրագրողական հրապարակումները, Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS, http://www.aras.am) Օքսֆորդի հայկական գիտական ընկերության (OxArm, http://oxarm.com/Home.html) հետ համատեղ սահմանում է տարեկան մրցանակներ լավագույն գիտական լրագրողների համար` առաջնությունը տալով տիեզերական թեմաներով հրապարակումներին: Մրցանակների գաղափարը քննարկվել է ՀԱԸ անդամ, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի աստղաֆիզիկոս, տիեզերաբան Միհրան Վարդանյանի հետ, ով էլ հովանավորում է այս նախաձեռնությունը: Ներկայացված աշխատանքները գնահատելու և հաղթողներին որոշելու համար ստեղծվելու է գիտնականներից և լրագրողներից բաղկացած մրցույթային հանձնաժողով: Ընդ որում հանձնաժողովի անդամները չեն կարող իրենք ներկայացված լինել մրցանակներից որևէ մեկին:

Գիտական լրագրողների համար սահմանված 2011թ. մրցանակներն են.

  • լավագույն մամուլի/առցանց հրապարակման համար
  • լավագույն ռադիո/հեռուստահաղորդման համար
  • ամենաակտիվ լրագրողին (հնարավոր են մեկից ավելի մրցանակներ)
  • լավագույն աստղագիտական լուսանկարի համար

Մրցույթին հաշվի են առնվելու 2011թ. ընթացքում տպագրված նյութերը, հեռարձակված հաղորդումները և կատարված լուսանկարները, որոնք անհրաժեշտ է ներկայացնել մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութերը տպագիր և էլեկտրոնային տարբերակներով ուղարկել կամ անձամբ ներկայացնել.

Գոհար Հարությունյանին, ՀՀ ԳԱԱ նախագահություն, Երևան, Մ. Բաղրամյան 24, Հեռ. 010-525505, 077-797090:

Ներկայացված աշխատանքներն այս կամ այն կերպ պետք է առնչվեն տիեզերական թեմաներին: Նույն նյութերը ցանկալի է տեղադրել նաև գիտական լրագրության ֆեյսբուքյան էջում (http://www.facebook.com/home.php#!/home.php?sk=group_144651068920380&ap=1), որտեղ արված գրառումները և մեկնաբանությունները նույնպես հաշվի կառնվեն ժյուրիի կողմից հաղթողներին որոշելիս: Սկսած այդ էջում կարելի է տեղադրել և վերոնշյալ հասցեով կարելի է ներկայացնել նաև նախկինում (2011թ ընթացքում) հրապարակված տպագիր և տեսա նյութերը:

Ամենաակտիվ լրագրողի մրցանակի համար անհրաժեշտ է ներկայացնել առնվազն 5 հրապարակում և/կամ հեռարձակում: Այդ մրցանակին կարող են հավակնել նաև գիտական լրագրության օգտին որևէ կազմակերպական գործունեություն ծավալած լրագրողները (այդ դեպքում անհրաժեշտ է ամփոփ կերպով նկարագրել կատարված աշխատանքը և կցել համապատասխան նյութեր): Լավագույն աստղագիտական լուսանկարի մրցանակին կարելի է ներկայացնել երկնային երևույթի, աստղադիտարանի կամ որևէ աստղագիտական միջոցառման լուսանկարներ:

Յուրաքանչյուր մրցանակ բաղկացած է ՀԱԸ/OxArm կողմից տրվող հավաստագրից, 30 000 ՀՀ դրամ պարգևից և Science, Nature կամ New Scientist հեղինակավոր միջազգային գիտական ամսագրերից որևէ մեկի տարեկան բաժանորդագրությունից:

Արդյունքները կամփոփվեն և մրցանակները կհանձնվեն դեկտեմբերի վերջին` գիտական լրագրության սեմինարի և գիտական լրագրության տարվա արդյունքների ամփոփման ժամանակ: Նախատեսվում է հետագա տարիներին նույնպես շարունակել այս ավանդույթը և նույնիսկ ավելացնել մրցանակային հիմնադրամը:

Ավելացնենք, որ ՀԱԸ կողմից վերջերս սկսված գիտական լրագրության նախաձեռնությունն արդեն առաջին 3 ամիսների ընթացքում կտրուկ ավելացրեց գիտական հրապարակումների թիվը` ի նպաստ թե գիտնականների, թե լրագրողների, և թե իհարկե հասարակության (հատկապես երիտասարդության) լայն խավերի: Լրատվամիջոցներին և անհատ լրագրողներին ուղարկված մամլո 21 հաղորդագրությունների արդյունքում տպագրվել են ավելի քան 150 հանրամատչելի և գիտա-տեղեկատվական նյութեր, դրանց հետքերով տեղի են ունեցել մի շարք հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ, ակտիվացել են գիտական թեմաներով ռադիո/հեռուստատեսային հաղորդումները: Նշենք նաև, որ հրապարակումների ճնշող մեծամասնությունը վերաբերում է տիեզերական թեմաներին, և խիստ ցանկալի է նաև այլ գիտնականների մասնակցությունը և այլ գիտական բնագավառների լուսաբանումը, ինչը սակայն առայժմ բավարար չէ:

Հիշեցնենք, որ սկսած 2004թ. ՀԱԸ հանձնում է նաև տարեկան մրցանակներ լավագույն երիտասարդ աստղագետներին (http://www.aras.am/Prize/prize.htm) և այդ մրցանակը հովանավորում է ամերիկահայ նշանավոր աստղագետ պրոֆ. Երվանդ Թերզյանը:

Այս խորագրի վերջին նյութերը