Աշխարհ

22.04.2020 18:00


«Հուսով եմ՝ թիմի հուսալի անդամ կդառնամ». Սաակաշվիլին ընդունել է Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում առաջադրվելու Զելենսկու առաջարկը

«Հուսով եմ՝ թիմի հուսալի անդամ կդառնամ». Սաակաշվիլին ընդունել է Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում առաջադրվելու Զելենսկու առաջարկը

Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատասխանել է Ուկրաինայի կառավարության կազմում փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջարկին: Այս մասին Սաակաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ինձ համար մեծ պատիվ է նախագահ Զելենսկուց բարեփոխումների գծով փոխվարչապետ դառնալու առաջարկ ստանալը: Ես նաև շատ բովանդակալից և օգտակար զրույց եմ ունեցել վարչապետ Շմիգալի հետ, որի ընթացքում մենք մանրամասնորեն քննարկել ենք կառավարությունում իմ հնարավոր աշխատանքի հետ կապված բոլոր հարցերը:

Ես ընտրությունների ժամանակ աջակցել եմ նախագահ Զելենսկուն, և այն ամբողջ ժամանակը, ինչ նա զբաղեցնում է այդ պաշտոնը, ես մեծ հույսեր եմ կապում նրա թիմի հետ... Ես այդ առաջարկին և իմ որոշմանը մոտենում եմ մեծ պատասխանատվությամբ, քանի որ սա շատ բարդ ժամանակ է երկրի համար: Առջևում մեզ շատ բարդ ժամանակաշրջան է սպասվում՝ ինչպես տնտեսությունում, այնպես էլ երկրի կյանքում առհասարակ: Մեզ այժմ անհրաժեշտ է ինչպես երբևէ խիզախ լինել մեր որոշումներում և բարեփոխումներում:

Գերագույն ռադայում ես կներկայացնեմ իմ առաջարկներն անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ` որպես Շմիգալի կառավարության կառավարական ծրագրի մաս, հստակ առաջարկներով, որոնք ինձ մոտ առաջացել են ինչպես Ուկրաինայից դուրս, այնպես էլ Ուկրաինայում աշխատելու ժամանակ` հիմնվելով և՛ դրական, և՛ բացասական փորձի վրա:

Ես հուսով եմ, որ թիմի հուսալի անդամ կդառնամ և պիտանի կլինեմ Ուկրաինայի ժողովրդին՝ մարդկանց համար ինչ-որ օգտակար բան անելով:

Ես նաև հույս ունեմ օգտագործել իմ միջազգային փորձը, որպեսզի օգտակար լինեմ կառավարական թիմի անդամներին, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերություններս, բարձրացնել Ուկրաինայի հեղինակությունը և նրա ինտեգրումը միջազգային համայնքներին` առաջին հերթին Ուկրաինայի ժողովրդի շահերը պաշտպանելու և երկրի զարգացմանը նպաստելու համար»,-գրել է Սաակաշվիլին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ուկրաինայի Գերագույն ռադան Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավոր է նշանակի բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնում: Սաակաշվիլիի թեկնածությունը փոխվարչապետի պաշտոնում առաջարկել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Այս խորագրի վերջին նյութերը