Լրահոս

21.03.2011 08:56


2012 թվականի աշխարհի վերջը. իրականություն և երևակայություն

Վերջերս մամուլում և համացանցում բազմաթիվ հրապարակումներ են հայտնվել 2012թ. դեկտեմբերի 21-ին «աշխարհի կործանման» մասին: Այդ օրն իբր ավարտվում է Մայաների օրացույցը: Բացի այդ, 2012թ. հետ կապված շատ է խոսվում նաև Երկրի հետ դիցաբանական Նիբիրու (կամ Իքս) մոլորակի բախման, մոլորակների շքերթի, Երկիրն ու Արեգակը Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ դասավորվելու, Երկրի մագնիսական բևեռների փոփոխման, Արեգակի աննախադեպ ակտիվության հետ կապված գեոմագնիսական փոթորիկների և այլ բնական աղետների ու ավերածությունների` երկրաշարժերի, հրաբուխների, ջրհեղեղների, փոթորիկների, ցունամիների և ընդհանրապես եղանակի ծայրահեղ դրսևորումների: Ավելին, վերջերս արդեն սկսել են թվագիտական խաղարկումներ կատարել, իբր 21-12-12 մոգական թվեր են, կամ նույնիսկ փորձում են հաշվարկներ անել` գումարելով 21-րդ դարի երկու մեծ աղետների թվանշանները` ԱՄՆ-ում 11.09.2001թ. տեղի ունեցած ահաբեկչության և Ճապոնիայի 10.03.2011թ. երկրաշարժի օրերը, ամիսները և տարիները, ստանալով` 21.12.2011թ.: Անհրաժեշտ է նշել, որ այս ամենի մի մասը հորինված է, մի մասն էլ` խիստ չափազանցված: Օրինակ 2012թ. Երկրի հետ ոչ մի մոլորակի բախում, մոլորակների շքերթ, Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ Երկրի ու Արեգակի առանձնահատուկ դասավորություն կամ Երկրի բևեռների փոփոխություն էլ չի սպասվում: Արեգակի 11-ամյա պարբերական ակտիվությունը, ճիշտ է, մոտենում է առավելագույնին (ինչը կդիտվի 2013-2014թթ.), սակայն լինելու է նորմայի սահմաններում և բնական աղետներն էլ կարող են լինել, ինչպես ցանկացած տարի: Անդրադառնանք նաև Մայաների օրացույցին. այդ օրն ավարտվում է Մայաների օրացույցի հերթական պարբերաշրջանը, սակայն դրան հետևելու է հաջորդը, այսինքն այդ վերջին կհաջորդի մեկ այլ սկիզբ: Նրանց օրացույցում յուրաքանչյուր ցիկլ բաղկացած է 1,872,000 օրից  կամ 5,125.37 տարուց, և 2012թ. դեկտեմբերի 21-ին ավարտվելու է հերթական` 13-րդ, ցիկլը, որն ըստ մայաների սկսվել է մ.թ.ա. 3114թ. օգոստոսի 11-ին: Ամփոփելով, 2012թ. հետ կապված այս ամենն ավելորդ լարվածություն է մտցնում` չունենալով ոչ մի իրական հիմք:

Արեգ Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը