Լրահոս

19.03.2011 13:29


Դավիթ Հարությունյանն առաջարկել է օրինագիծը ներկայացնել ԱԺ դատին

Դավիթ Հարությունյանն առաջարկել է օրինագիծը ներկայացնել ԱԺ դատին

Ազգային ժողովում տեղի են ունեցել մշտական հանձնաժողովների հերթական նիստերը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Վարդան Այվազյանի նախագահությամբ մասնավորապես քննարկել է երկրորդ ընթերցման ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցություններն առաջին ընթերցումից հետո առաջարկներ են ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել է: Ամբողջովին ընդունելի է եղել նաև հանձնաժողովի այն առաջարկը, ըստ որի` հակամրցակցային համաձայնություն կայացնելու և գների չհիմնավորված բարձրացման միջոցով գերիշխող դիրքի չարաշահմամբ տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթը հանձնաժողովի որոշմամբ  ՀՀ պետական բյուջե է գանձվում: Պահպանվում է նաև գործող օրենքում առկա տուգանքի մեխանիզմը: Օրինագիծը հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել։

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստը վարել է Արծվիկ Մինասյանը, ով քննարկման է դրել «Համահայկական բանկի  մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության նախաձեռնությունը: Հանձնաժողովը հարցը որոշել է ներառել թե՛ նստաշրջանի, թե՛ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել է ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդան Բոստանջյանի ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգիրք» և դրան հարակից 6 օրնենքերում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Նշվել է, որ ընդունվել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացության մեջ նշված բոլոր առաջարկությունները, բացառությամբ մատների թանաքոտման (առաջարկվել է այլընտրանքային տարբերակ): Ընդունվել են նաև կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների շուրջ 140 առաջարկ: Կառավարությունը՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ, դրական եզրակացութուն է ներկայացրել փաթեթի առնչությամբ։

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցման ներկայացրել էին ՀՅԴ խմբակցության անդամներ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Արտյուշ Շահբազյանը և Արա Նռանյանը: Օրենքի նախագիծը մշակվել է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների համատեղ սկզբունքային   առաջարկությունների հիման վրա, որոնք ուղարկվել են նաև Վենետիկի հանձնաժողով։ Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ կառավարությունը դեմ է այս օրինագծի ընդունմանը։

Դավիթ Հարությունյանը իր ելույթում նշել է, որ այս օրինագծի ճակատագիրը պետք է որոշի ոչ թե հանձնաժողովը, այլ խորհրդարանը, ուստի առաջարկել է այն դրական եզրակացությամբ ներկայացնել խորհրդարանի դատին:

Այս խորագրի վերջին նյութերը