Աշխարհ

16.04.2020 20:30


Վրաստանի գերեզմանատներ այցելելը 10 օրով արգելվել է

Վրաստանի գերեզմանատներ այցելելը 10 օրով արգելվել է

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 17-ից՝ 10 օրով արգելել մարդկանց՝ գերեզմանատներ այցելել:

Այս մասին դեռ նախօրեին զգուշացրել էր վարչապետ Գիորգի Գախարիան:

Հարցն այն է, որ Զատկին հաջորդող ողջ շաբաթվա ընթացքում մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին, մարդաշատ է լինում հատկապես տոնին հաջորդող մեռելոցի օրը: Գերեզմանատներում սեղաններ են բացվում, մարդիկ երկար ժամանակ են անցկացնում շիրմաքարերի մոտ: Այս մասին Ալիքը տարիներ առաջ տեսանյութ է հրապարակել:

Եկեղեցին արդեն արձագանքել է կառավարության այս որոշմանը․ պատրիարքարանը հանգիստ է ընդունել այս փաստը՝ նշելով, որ շիրիմներին այցելելը հոգևոր արարողությունների հետ ոչ մի կապ չունի, այլ ընդամենը ժողովրդի ստեղծած ավանդույթն է: Եկեղեցու խնդիրն այս դեպքում Զատկի ճրագալույցի պատարագն է, որ համընկնում է պարետային ժամի հետ ու մարդկանց մասնակցությունը հակասում է պարետային ժամով սահմանված կարգին: Պատրիարքարանը հավատացյալներին կոչ է արել՝ գալ տաճարներ մինչ 21:00-ն ու մնալ մինչ լուսաբաց (06:00): Ոստիկանությունն էլ հստակ պատասխան չի տալիս՝ տուգանվելու են ճրագալույցի մասնակիցները, թե ոչ: Խոսքը 3000 լարիի մասին է:

Նախօրերին Գախարիան բառացիորեն ասել է. «Իդեալական կլինի այն, որ եկեղեցին բաց լինի, ու ոչ ոք չգնա: Ես օրինակ, չեմ գնալու: Բայց եկեղեցին չի փակվելու՝ հատկապես Զատկի գիշերը»:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը