Աշխարհ

16.04.2020 12:53


«Վարակի դեմ լուրջ պայքարի փոխարեն առաջարկում է օղի խմել, շոգեբաղնիք գնալ». կորոնավիրուսի պատճառով մորը կորցրած տղամարդը հայց է ներկայացրել ընդդեմ Լուկաշենկոյի

«Վարակի դեմ լուրջ պայքարի փոխարեն առաջարկում է օղի խմել, շոգեբաղնիք գնալ». կորոնավիրուսի պատճառով մորը կորցրած տղամարդը հայց է ներկայացրել ընդդեմ Լուկաշենկոյի

Ֆրանսիայում բնակվող բելառուսը, որը կորոնավիրուսի պատճառով կորցրել է հայրենիքում ապրող մորը, ոստիկանություն բողոք է ներկայացրել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ՝ վերջինիս մեղադրելով համավարակի տարածման դեմ պայքարում համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար, գրում է Reuters-ը։

Ալեքսանդր Մատվեևը հայտարարել է, որ Բելառուսի ոստիկանություն է դիմել մոր՝ 68-ամյա Լիդիա Մատվեևայի մահվան հետաքննության համար: Կինը մահացել է ապրիլի 2-ին՝ Բելառուսի Վիտեբսկ քաղաքի հիվանդանոցում:

«Լուկաշենկոն ժամանակին անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել։ Եվ եթե մարդը, որը կանգնած է իշխանության գլխին, միջոցներ չի ձեռնարկում, պարապուրդի է մատնվել, պետք է պատասխանատվության ենթարկվի, ինչպես ցանկացած այլ քաղաքացի»,- ասել է Մատվեևը Reuters գործակալությանը։

Նրա խոսքով՝ ինքը մոր մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին իմացել է միայն ծնողի մահից հետո։

«Լուկաշենկոն, որն իշխանության ղեկին է 1994 թվականից, թերահավատորեն է վերաբերվում կորոնավիրուսի դեմ պայքարի վճռական գործողությունների անհրաժեշտությանը: Նա քննադատել է ինքնամեկուսացման միջոցները, փոխարենն առաջարկել օղի օգտագործել և շոգեբաղնիք այցելել»,- ասել է տղամարդը։

Վերջին տվյալներով՝ Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսի 3728 դեպք, որոնցից 36-ը՝ մահվան ելքով։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 084 042 է, կորոնավիրուսից ամբողջ աշխարհում մահացել է 134 669 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը