Լրահոս

18.03.2011 15:12


Եթե Լևոն Տեր–Պետրոսյանի փոխարեն Րաֆֆի Հովհաննիսյանը լիներ, կմոտենար

Եթե Լևոն Տեր–Պետրոսյանի փոխարեն Րաֆֆի Հովհաննիսյանը լիներ, կմոտենար

Երեկ ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները և առաջնորդները մուտք էին գործել Ազատության հրապարակ, որտեղ ի նշան բողոքի՝ մարտի 15–ից հացադուլ էր իրականացնում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհհնիսյանը։ Ի զարմանս շատերի՝ ՀԱԿ առաջնորդները, այդ թվում և Լևոն Տեր–Պետրոսյանը, նրան չէին մոտեցել և չէին բարևել։

Այսօր պատասխանելով լրագրողների այն հարցին, թե՞ ինչպես է գնահատում այդ փաստը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե չի ուզում գնահատել որևէ մեկի գործունեությունը կամ անգործությունը։

–Ամեն մեկն ունի իր ներքին արժեքային համակարգը, իր մարդկային կերպարը և նաև իր քաղաքական դիմագիծն ու դիրքորոշումը։ Եթե դերերը հակառակը լինեին, եթե մենք դերերով մեկս լիներ հարթակում, մյուսը՝ հացադուլի մեջ, ես կարող եմ ասել, որ ով էլ լիներ հացադուլի մեջ՝ նախագահ թե շարքային քաղաքացի, իշխանական գործիչ թե ընդդիմադիր, ես կփորձեի առաջինը իրեն այցելել ու զորակցել և իր հետ կիսել իր ցավը և նաև իր պահանջները լուծելու հնարավորությունը։ Այս դեպքում ես կարող եմ ասել, որ ես նման ակնկալիքով չէի լցված։ Եթե ես լինեի, ես կանեի։ Իմ կարծիքով՝ քանի որ ՀՀ առաջին նախագահը շատ խելացի մարդ է՝ լուսավորյալ, կարդացած, սա հավանաբար ոչ թե քաղաքական մշակույթի պակաս էր, այլ քաղաքական դիրքորոշում,–ընդգծել է նա։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, սակայն, այդ քաղաքական դիրքորոշումը չի նպաստելու հասարակության և ազգի միասնությանը, այլ հակառակը։

Ես էլ դրա համար ոչ թե կոչ եմ անում, ոչ էլ խնդրում եմ և ոչ պահանջում, բայց արժե, որ բոլոր–բոլորը հիմա վերանայեն իրենց սեփական դիրքորոշումը և նաև քաղաքական մշակույթի իրենց պատկերացումները,–ասել է նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը պնդել է, թե ի տարբերություն իր, իր ընտանիքի և «Ժառանգություն» կուսակցության հասցեին հնչող խայթոցների՝ ինքը նրանց երբեք այդ հարթության մեջ չէր պատասխանի։

Նա պնդել է, թե երեկ ինքը հոտնկայս ողջունել է Ազատության հրապարակ մտնողներին, սակայն երբ տեսել է, որ հարթակից հայտարարվում է, որ այս հանրահավաքը ոչ թե համաժողովրդական է, այլ ՀԱԿ–ինը, ելույթ ունենալու համար չի մոտեցել։

Ելույթ կարելի էր ունենալ, եթե համապատասխան հրավեր լիներ։ Եթե լիներ հրավերը, այդ դեպքում սիրով կմոտենայի,–ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը