Լրահոս

18.03.2011 14:54


ՀՀԿ քարտուղար. «Երեկ ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ խոհեմ գտնվեցին»

ՀՀԿ քարտուղար. «Երեկ ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ խոհեմ գտնվեցին»

Մեկնաբանելով մարտի 17–ի ՀԱԿ հանրահավաքը, այնուհետև նրանց մուտքը Ազատության հրապարակ` ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ՀՀԿ–ն՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, միշտ կողմնակից է եղել քաղաքական քաղաքակիրթ պայքարի։ Նա նշել է, թե իրենք գտնում են, որ իշխանությունը պետք է աշխատի, ընդդիմությունն էլ պետք է քննադատի, բայց դա երբեք չպետք է անցնի օրենքների և քաղաքական կոռեկտության սահմանները.

Երեկվա իրադարձությունը ցույց տվեց, որ երկու կողմերն էլ ունեն խոհեմություն. խոհեմ գտնվեցին ու չգնացին բախումների։ Երկու կողմերի համար էլ շատ կարևոր է ոչ թե քաղաքական դիվիդենտներ շահելը, այլ կայուն քաղաքական զարգացում իրականացնելը,–ասել է Է. Շարմազանովն ու ընդգծել նաև ոստիկանության խոհեմությունը՝ այս հարցում կարևորելով ոստիկանության կոլեգիայի նիստում նախագահի խիստ գնահատականները։

Նա նշել է, որ նման քայլերի և փոխզիջումների կարող է գնալ միայն այն իշխանությունը, որը ուժեղ է, լայնախոհ և ժողովրդավարական արժեքների ջատագով։

Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել երկխոսության,– նշել է Է. Շարմազանովը։

Գնահատելով Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը՝ ՀՀԿ խմբակցության քարտուղարն ասել է, թե դա ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ էր, որն իր տեսանկյունից քննադատում է իշխանությանը։

Հիմնականում ելույթը, չհաշված որոշ սուր և կոռեկտությունից դուրս դրվագներ, կոռեկտ ելույթ էր, բայց այնտեղ կան բազմաթիվ տեսակետներ, որոնց հետ իշխանությունը, բնականաբար, համամիտ չէ,–ասել է նա։

Ելույթի հետ համամիտ չլինելը նա նորմալ է համարել, այլապես եթե ընդդիմությունն ու իշխանությունը բոլոր հարցերի շուրջ նույն կարծիքն ունենան, կունենանք Խորհրդային Սոցիալիստական Հայաստան։

Ես կարծում եմ, որ մենք պետք է բացառենք, որ բոլորս մեկ մարդու կամ մեկ կարծիքի հանրապետությանը ծափահարենք,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը