Հարցազրույց

14.04.2020 09:51


Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հաղթահարել բարդույթները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հաղթահարել բարդույթները (տեսանյութ)

Աննա Դանիբեկյանն այն դատավորն է, որը չի կատարել Սահմանադրական դատարանի վճիռը, որով ՍԴ-ն ասում էր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխել: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյան:

Ըստ Մենուա Հարությունյանի՝ այս ամենից հետո Աննա Դանիբեկյանը քիթը կվիրահատի, թե ինչ կանի, միևնույն է՝ նա մեծագույն հանցանք է գործել.

«Աննա Դանիբեկյանին խորհուրդ կտամ իր հանցանքների թիվն այլևս չավելացնի, ավելին՝ հրաժարականի փոխարեն փոխի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որպեսզի գոնե ինչ-որ չափով մեղմի իր հանցանքները»:

Մենուա Հարությունյանը հորդորում է Նիկոլ Փաշինյանին ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, քանի որ այս օրհասական պահին մեզ կարող է օգնել միայն համախմբումը:

Հաղորդման մյուս հյուրը՝ հեռուստամեկնաբան Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ Հայաստանում այսօր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը չի կատարում դատարանի որոշումը. «Դեռևս դեկտեմբերին դատարանի որոշմամբ Արման Բաբաջանյանը պետք է ներողություն խնդրեր Ռոբերտ Քոչարյանից, որը չի կատարել»:

Դիտարկմանը՝ արտակարգ դրության պայմաններում միջազգային կառույցները հորդորում են կալանավայրերը բեռնաթափել, այն մարդիկ, ովքեր գտնվում են 60-ից բարձր տարիքային խմբում՝ ազատ արձակել կամ խափանման միջոցը փոխել, ՀՀ-ում խոսում են տարիքային շեմը վերանայելու մասին, Ագնեսա Խամոյանը նշել է. «Ռոբերտ Քոչարյանը նաև առողջական խնդիրներ ունի: Այս պայմաններում մարդուն հիվանդանոցից տանել մեկուսարան, որտեղ ՔԿՀ աշխատակիցներ կան վարակված, ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում բարդույթները հաղթահարել»:

Մենուա Հարությունյանի խոսքով էլ՝ կորոնավիրուսը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի բարոյական նկարագիրը. «Երբ Ռոբերտ Քոչարյանին բժշկական կենտրոնից տեղափոխում են մեկուսարան, իսկ բժիշկներն ասում էին, որ Քոչարյանին պետք է ստացիոնալ բուժում, այս իշխանոթյունն անգամ բժիշկներին չի հարգում»:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին կոչին՝ Ագնեսա Խամոյանը նշել է. «Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձում ոչ միայն չէր խոսվում Ռոբերտ Քոչարյանի մասին, այլև բացակայում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկումները: Ինձ համար անակնկալ չէր Լևոն Տեր-Պետրոսյանի տեքստի բովանդակությունը»:

Մենուա Հարությունյանի դիտարկմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու մեսիջ է ուղղել. «Առաջինը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ ստանձնում է քաղաքական վենդետայի պատասխանատվությունը: Երկրորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է կոնսենսուս -1, որով բոլորին հորդորում է միավորվել Նիկոլ Փաշինյանի շուրջ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի»:

Այս խորագրի վերջին նյութերը