Հարցազրույց

13.04.2020 11:05


Մենք գտնվում ենք «սև ցուցակում» հայտնվելու եզրին․ Հակոբ Ճաղարյան (տեսանյութ)

Մենք գտնվում ենք «սև ցուցակում» հայտնվելու եզրին․ Հակոբ Ճաղարյան (տեսանյութ)

Տաթեւիկ Ռեւազյանը չէր կարող տեղեկացված չլինել համակարգում առկա թերացումներից: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ ասաց վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Շատ խելք պետք չէր ունենալ հասկանալու համար, որ ցանկացած ավիացիայի ոլորտից եւ Քաղավիացիայի կոմիտեի կառուցվածքին ծանոթ մասնագետի համար, որ հասկանար` նույնիսկ զեկուցելու կամ չզեկուցելու պարագայում, եթե չկա համապատասխան կառուցվածքը, եթե չկան համապատասխան վերահսկող մարդկանց վերապատրաստումների փաստաթղթերը, եթե չկան նրանց ընդունման եւ վերահսկման մեխանիզմները, այստեղ արդեն տեղեկացված լինել, չլինելը նշանակություն չունի: Երբ չկա այդ համակարգը, այդ թերացումները չէին կարող չլինել»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է եղել Ճաղարյանը Տաթեւիկ Ռեւազյանի հետ, նա նշեց, որ աշխատանքում իր համար անձնական հարաբերություններ չկան եւ ինքը բազմիցս փորձել է օգնել Տաթեւիկ Ռեւազյանին, սակայն այդ օգնության առաջարկը չի ընդունվել:

Ճաղարյանի գնահատմամբ՝ աղմկահարուց զեկույցից հետո մենք գտնվում ենք «սեւ ցուցակում» հայտնվելու եզրին․ «Ինչպես փորձը ցույց է տալիս, սեւ ցուցակում հայտնված երկրներին եվրապական պետությունները արգելում են մուտք գործել իրենց երկիր: Իհարկե, կան հնարավորություններ խուսափելու այդ ամենից, այսինքն ավիաընկերություններին որպես անհատ միավորներ հնարավորություն է տրվում անցնել այդ ստուգումները եւ որպես ավիաընկերություն հաստատել իրենց կարողությունները թռիչքային անվտանգության միջազգային նորմերը կատարելու տեսանկյունից: Այսինքն անկախ նրանից, որ երկիրը պատրաստ չէ ապահովել այդ նորմերը, Եվրամիությունը պատրաստ է առանձին ավիաընկերություններին տալ այդ հնարավորությունը: Օրինակ Մոլդովան, որ այդ ցուցակում է, բայց մոլդովական 3 ընկերությունները իրավունք են ստացել թռիչքներ կատարել»,- ասաց նա:

Անդրադառնալով իր՝ պաշտոնից ազատմանը, նա եւս մեկ անգամ նշեց, որ ինքն է ազատման դիմում ներկայացրել, քանի որ բազմիցս առաջարկներ է ներկայացրել վարչապետին, որոնք անպատասխան են մնացել:

«Եթե ես պետք է մասնագիտական խորհուրդներ ներկայացնեմ, որոնք չլսվեն, չկատարվեն, ես իմ աշխատավարձ ստանալը գտնում եմ անտեղի, ինչի համար եմ ես այդ դեպքում զբաղեցնում այդ պաշտոնը, ես երբեք չեմ ձգտել պետական համակարգում ունենալ պաշտոն, որեւէ աշխատավարձի համար: Ես բավականին ապահովված մարդ եմ եւ կարող եմ ինձ թույլ տալ երկրի հանդեպ ունեցած վերաբերմունքով աշխատել , ոչ իմ աշխատավարձի համար»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու վարչապետը չէր ընդունում իր առաջարկը Ճաղարյանը նշեց, որ չի կարող ասել. «Երեւի իմ զեկույցները հոգեհարազատ չէին»:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը