Աշխարհ

09.04.2020 17:42


Դնեպրում իշխանությունները մեկուսացման հորդորներն անտեսող քաղաքացիներին վախեցնելու համար ավելի քան 600 գերեզմանափոս են փորել (տեսանյութ)

Դնեպրում իշխանությունները մեկուսացման հորդորներն անտեսող քաղաքացիներին վախեցնելու համար ավելի քան 600 գերեզմանափոս են փորել (տեսանյութ)

Ուկրաինայի Դնեպր քաղաքում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ընդամենը 13 դեպք է գրանցվել, սակայն տեղական իշխանություններն արդեն հասցրել են ավելի քան 600 գերեզմանափոս փորել՝ անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելու նպատակով, գրում է odditycentral.com կայքը։

Շուրջ մեկ միլիոն բնակչություն ունեցող Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը Facebook սոցկայքի իր պաշտոնական էջում գրել է, որ քաղաքը պետք է վատագույն սցենարին պատրաստ լինի, ուստի՝ տեղական իշխանություններն արդեն ավելի քան 600 նոր գերեզմանափոս են պատրաստել կորոնավիրուսի հավանական զոհերի համար։

Կայքի տեղեկություններով՝ քաղաքապետն այս քայլին է գնացել, որպեսզի քաղաքացիները պատկերացում ունենան վտանգի մասին և չարհամարհեն սոցիալական հեռավորությունը պահելու մասին կառավարության հորդորները։

Դնեպրի քաղաքապետի մամուլի քարտուղար Յուլիա Վիտվիցկան, իր հերթին, հաստատել է հայտարարությունը և նշել, որ 615 փոս է փորվել, և մոտ 2000 տոպրակ պատրաստվել կորոնավիրուսից մահվան դեպքում դիերը դրանցում պահելու համար։

Քաղաքապետ Ֆիլատովը նշել է, որ կորոնավիրուսի զոհերի մարմինները մասնագետները չեն դիահերձելու։

Քաղաքապետի հայտարարության արձագանքները բավական տարբեր են եղել․ ոմանք քննադատել են նրան ժողովրդի շրջանում խուճապ առաջացնելու համար, որոշներն էլ շնորհակալություն են հայտնել մարդկանց հոգեբանորեն զգոնության դրդելու համար։

Ֆիլատովն իր հայտարարությունը մեկնաբանել է հետևյալ կերպ․ «Դա խուճապ չէ, այլ նյութատեխնիկական ապահովում: Աստված մի արասցե, մեզ հարկավոր լինեն գերեզմաններն ու տոպրակները»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը