Աշխարհ

06.04.2020 11:54


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուս Վրաստանից ժամանած բեռնատարի 53-ամյա վարորդի մոտ ․ Newsgeorgia

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուս Վրաստանից ժամանած բեռնատարի 53-ամյա վարորդի մոտ ․ Newsgeorgia

Հայաստանում գտնվող 53-ամյա վրացի վարորդի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն՝ հղում անելով Հանրային հեռուստատեսությանը։

Տղամարդը Գորիի շրջանի Մեջվրիսխեվի գյուղի բնակիչ է եւ աշխատում է բեռնափոխադրումների ոլորտում։

Գորիի Հանրային առողջության կենտրոնի տեղեկություններով՝ նա երկրի տարածքը լքել է մարտի 31-ին։ Վարորդը բեռ է փոխադրել Հայաստան։ Դեռեւս հայտնի չէ, թե որ երկրում է նա վարակվել։

Ներկայումս տղամարդը բուժվում է Հայաստանի հիվանդանոցներից մեկում։ Վրացի համաճարակաբանները պարզում են, թե ում հետ է նա շփվել նախքան երկրից հեռանալը։

Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին միջազգային բեռնափոխադրումները շարունակվում են։ Գրեթե բոլոր երկրները ձեռնարկում են միջոցներ ներկրված ապրանքների ռիսկը կրճատելու համար։

Վրաստանում բոլոր վարորդները ջերմաչափվում են սահմանին։ Եթե օտարերկրացի վարորդի մոտ լինեն կորոնավիրուսի ախտանշաններ, նրան կվերադարձնեն ժամանման երկիր, իսկ Վրաստանի քաղաքացուն կտեղափոխեն կարանտին։ Իսկ բեռը կընդունվի վտանգավոր երկրներից ուղարկված բեռների ընդունման ընթացակարգով։

Առանձին դրույթներ են կիրառվում ավտոմեքենաների նկատմամբ, որոնք նախքան ժամանումը 14 օրվա ընթացքում եղել են COVID-19-ի անբարենպաստ իրավիճակով երկրներում՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում եւ Դանիայում։

Վարորդները, որոնք մուտք են գործում Վրաստան՝ որպես տրանզիտային երկիր, տեղաշարժվում են ոստիկանության ուղեկցությամբ մինչեւ սահմանի անցակետը։ Եթե նրանք աշխատում են Վրաստան ապրանքներ ներկրելու ուղղությամբ, ապա սահմանին վարորդին փոխարինում է մեկ ուրիշ մարդ, որը չի պատկանում ռիսկի խմբին։

Բացի այդ, մաքսակետն իրականացնում է ավտոմեքենաների ախտահանում։ Ինքը՝ վարորդը, եթե օտարերկրացի է, պետք է վերադառնա երկիր, որտեղից ժամանել է, իսկ եթե Վրաստանի քաղաքացի է՝ տեղավորվի կարանտինում։ Որոշ դեպքերում թույլատրվում է բեռնատարի փոխարինում։ Մաքսային ծառայությունը պարտավոր է ախտահանել կցորդն ու հետ ուղարկել այն։

Եթե վարորդին անհնար է փոխարինել մեկ ուրիշ վարորդով, ապա ավտոմեքենան կհասնի անցակետ եւ այնտեղ բեռը կբարձվի մեկ ուրիշ մեքենայի մեջ։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը