Լրահոս

17.03.2011 13:08


Կենսաթոշակային ֆոնդի նախկին աշխատակիցները շարունակում են բողոքել

Կենսաթոշակային ֆոնդի նախկին աշխատակիցները շարունակում են բողոքել

Այսօր առավոտյան Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի շենքի մոտ բողոքի գործողություն են իրականացրել Հայաստանի կենսաթոշակային ֆոնդի թոշակների վճարման ծառայության համակարգի նախկին աշխատակիցները։

Հիշեցնենք, որ 2010թ. վերջին կառավարությունը որոշեց կենսաթոշակների վճարումն իրականացնել «Հայփոստի» բաժանմունքների միջոցով, ինչի հետևանքով 300 աշխատակից դարձավ գործազուրկ:

Ցուցարաները դժգոհում են, որ պաշտոնատար անձինք հեռուստատեսությամբ հայտարարել են, թե իրենց կրկին ընդունել են աշխատանքի, սակայն իրենք մինչ օրս գործազուրկ են։

Ցուցարարներից Ժենյա Հարությունյանի խոսքերով՝ իրենք պայմանագրային հիմունքներով մոտ 50 հազ. թոշակառուների ցուցակներ են կազմել։ Այդ թոշակառուները համաձայնել են մատուցած ծառայությունների դիմաց վճարել կենսաթոշակային ֆոնդի աշխատակիցներին։ Սակայն մարտի 1–ից իրենց այդպես էլ թույլ չի տրվում աշխատել, քանի որ ասվել է, թե նույն ցուցակագրումը կատարել է նաև «Հայփոստը», և նախկին աշխատակիցները կարող են աշխատանքի անցնել ապրիլի 1–ից։

–Եթե վարչապետը հեռուստատեսությամբ հայտարարում է, որ 120 հոգի աշխատում է, ուզում ենք, որ ցույց տա մե՛կ մարդու, որ աշխատում է։ Իրենց խոսքերն ուղղակի ստից փուչիկներ են։ Մեծ մարդ ես, հեռուստատեսությունով բոյդ առած, կանգնած ասում ես՝ 120 հոգի այնտեղ են ընդունել, 40 հոգի էլ ընդունել են փոստում։ Բայց այդ 160 հոգուց մի հատ ցույց տվեք 4 հոգի, որ աշխատում է,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ժ. Հարությունյանը։

Վաղը ցուցարարները պատրաստվում են բողոքի գործողություն իրականացնել ՀՀ կառավարության շենքի մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը