Լրահոս

16.03.2011 17:43


Քադաֆիի որդի. «Խռովությանը վերջ կտրվի 48 ժամվա ընթացքում»

«MIGnews.com»–ի փոխանցմամբ՝ Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի որդին՝ Սայիֆ էլ–Իսլամը, հայտարարել է, թե Արևելյան Լիբիայի խռովություններին վերջ կտրվեն մոտակա օրերի ընթացքում։

Փարիզյան «Euronews TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սայիֆ էլ–Իսլամն ասել է. «Ռազմական գործողությունները դադարեցված են։ Ամեն ինչ կավարտվի 48 ժամից։ Մեր ուժերը Բենգազի քաղաքի մատույցներում են։ Ինչ որոշում էլ որ ընդունի Արևմուտքը, արդեն չափազանց ուշ է»։

Բենգազի քաղաքում գտնվող խռովարարները Սայիֆի տեղեկությունը հերքում են։ Նրանք ասում են, թե կառավարական զորքերը Բենգազիից հարյուրավոր կիլոմետրեր հեռու են։ Քադաֆին կարող է քաղաքին հարվածներ հասցնել միայն օդային ճանապարհով։ Այսօր առավոտյան քաղաքի օդանավակայանը ռմբակոծվել է, ինչը, սակայն, ընդդիմության խոսքերով՝ ոչ մի վնաս չի հասցրել։

Միևնույն ժամանակ, հենց Բենգազիում սկսվել են «Քադաֆիի լրտեսների» ձերբակալությունները։ Անցած գիշերվա ընթացքում ձերբակալվել է 13 մարդ։

Ինքը՝ Քադաֆին, երեկ ելույթ է ունեցել Տրիպոլիում։ Նա խռովարարներին «թափառող շներ» է անվանել։ Քադաֆին ասել է. «Մենք կազատագրենք Լիբիան։ Մենք վճռականորեն ենք մտադրված և կջախջախենք այդ դավադրությունը։ Գաղութային իմպերիալիզմը կջախջախվի։ Ֆրանսիան, ԱՄՆ–ն ու Բրիտանիան կջախջախվեն։ Ազատությունը կհաղթանակի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը