Լրահոս

16.03.2011 17:34


Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայան ուղևորվող օդանավերը

Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել  Ստեփանակերտի օդանավակայան ուղևորվող օդանավերը

Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը սպառնացել է, որ եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը, Ադրբեջանը հարվածներ կհասցնի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող օդանավերին։

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ՝ նա նշել է, որ «ԼՂ–ի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ», այն փակ է, և համաձայն «Ավիացիայի» մասին օրենքի՝ իրենք կարող են վերացնել օդանավերը, որոնք ուղևորվում են այդ տարածաշրջան։

«Մենք դեռևս անցած տարվա հոկտեմբերին տեղեկացրել ենք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որ դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ցանկացած չվերթ անօրինական է, և մենք իրավասու ենք ֆիզիկապես ոչնչացնել այդ օդանավերը», - հայտարարել է Մամեդովը։

Ի պատասխան՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն ասել է, որ Ադրբեջանին չի հաջողվի ահաբեկել Ղարաբաղին ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքներով և իրենք վճռական են Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու հարցում։ Նա նաև նշել է, որ այս հայտարարությունը փաստում է Ադրբեջանում միջնադարի մթնոլորտի մասին և դրանց հեղինակներն առնվազն նացիստական գաղափարախոսության կողմնակիցներ ու կրողներ են։

–Եթե Ադրբեջանը փորձի իրականացնել ասածը, դա անկանխատեսելի հետևանքներով հղի կլինի հենց Ադրբեջանի՛ համար,-ասել է Բաբայանը:

Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի այս տարվա մայիսի 9-ից: Այն կկարողանա սպասարկել ժամում 100 ուղևորի: Սկզբնական փուլում օդանավակայանից կիրականացվի միայն Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթը: Երևան-Ստեփանակերտ թռիչքը կտևի 35 րոպե, տոմսի արժեքը չի գերազանցի 15.000 դրամը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը