Հարցազրույց

17.03.2011 08:48


Կարինե Նալչաջյան

Կարինե Նալչաջյան

Հարցազրույց հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ

–Երբ մարդ դիմում է իր արտաքինի կտրուկ փոփոխության, հոգեբանության տեսանկյունից դա ինչի՞ նշան է։

–Մարդը թե՛ իր արտաքին տեսքի, թե՛ հոգեկան տարբեր հատկանիշների վերաբերյալ ունի իր գնահատականը։ Արտաքինից ինչ–որ չափով գոհ է, ինչ–որ փափով դժգոհ է, ինչ–որ դիմագծեր, մարմնի ինչ–որ հատվածներ կան, որ իր համար ցանկալի է, որ այդպես չլինեն, որ ավելի կատարյալ լինեն և այլն։ Այսինքն՝ ինքնակատարելագործման ձգտումը, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր «ես»–ի տեսակետից, ինչ–որ սահմաններում նորմալ է։ Եթե այդպես չլիներ, ընդհանրապես մարդը շատ անփույթ կլիներ իր արտաքին տեսքի նկատմամբ, նույնիսկ հիգիենիկ խնդիրների հանդեպ անտարբեր կլիներ։

–Խոսքը կտրո՛ւկ փոփոխությունների մասին է։

Երբ մարդ դիմում է շատ կտրուկ փոփոխությունների, մանավանդ եթե ակնհայտորեն դրա անհրաժեշտությունը չկա, սա արդեն խոսում է այն մասին, որ հիմքում կա հոգեբանական խնդիր։ Օրինակ, աղջիկը շատ դժգոհ է իր արտաքին տեսքից, ուզում է տարբեր պլաստիկ վիրահատությունների դիմել, օրինակ՝ համարում է, որ իր քիթը մեծ է, և անպայման պետք է պլաստիկ վիրահատության գնալ։ Եթե կողքի բայրացակամորեն տրամադրված մարդիկ հստակ տեսնում են, որ առանձնապես դրա անհրաժեշտությունը չկա, բայց աղջիկը ֆիքսվել է դրա վրա և իրեն շատ վատ է զգում, համարում է, որ ինքը շատ տգեղ է, ամաչում է այդ տեսքով մարդկանց մեջ դուրս գալ, ուրեմն պետք է ենթադրել, որ այստեղ առաջնային խնդիրը ոչ թե արտաքինին է վերաբերում, այլ հոգեբանական թերարժեքության առկայությանը։ Մարդն իրեն ներքուստ ոչ լիարժեք է զգում։ Եվ ինչն է հետաքրքիրը՝ որ թերարժեքությունն այնպիսի հոգեբանական երևույթ է, որը շատ հաճախ իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այսինքն, այստեղ նույնիսկ կարող է մի այնպիսի երևույթ ի հայտ գալ, որը հոգեբանությունում բնութագրվում է, որ տձև է ընկալում իր արտաքինը, նայում է հայելու մեջ և սխալ ընկալումներ է ունենում։

–Իսկ տղամարդկանց վերաբերյալ ի՞նչ կասեք։ Ասենք մորուքը հանել, մորուք թողնել կամ բեղերը սափրել։

–Այստեղ բոլորովին պարտադիր չէ՝ ինչ–որ հոգեբանական խնդիր ման գալ։ Երևի մարդը որոշում է կայացրել, որ կյանքի մնացած հատվածն առանց մորուքի է անցկացնելու։ Այստեղ ես չեմ գտնում, որ ինչ–որ արտառոց բան կա։ Դա այնպիսի մի բան է, որ ասենք մենք հոգնում ենք մեր որոշակի կերպարից, որի մեջ մենք երկար ժամանակ եղել ենք, և կարող է պատահել ՝ուզենք մի քիչ ավելի փոխել մեր արտաքինը։ Այստեղ ինչ–որ պաթոլոգիական բան չկա։

–Իսկ նույնը կարելի՞ է ասել քաղաքական գործչի մասին։ Չէ՞ որ նրանք շատ ավելի կարծրացած են և շատ ավելի դժվարությամբ ու հազվադեպ են գնում արտաքինի փոփոխության։

–Օրինակ, նախընտրական շրջանում երբ սկսվում են մարդկանց հետ հանդիպումները, իրենք պետք է ներկայանան մարդկանց ինչ–որ մի կերպարով, իրենք բավականին ուշադիր են լինում իրենց արտաքինի նկատմամբ։

–Խոսքը հիգիենայի, կոկիկության մասին չէ։ Կտրուկ փոփոխությունը կարելի՞ է բնութագրել, օրինակ, փախուստ սեփական «ես»–ից։

–Ո՛չ։ Այդ փախուստը «ես»–ից, այդ թերարժեքությունը, որ դու ուզում ես փոխվել խոր ոչ լիարժեքության նկատմամբ, դա հենց այն է, ինչի մասին ես սկզբում ասացի։ Բայց դուրս գալ քո սովորական արտաքին տեսքից, մի նոր բան մտցնել, դա ես շատ նորմալ եմ համարում, և կյանքի մեջ ինչ–որ մի նոր, թարմ երանգ մտցնելու էլեմենտ կարելի է դիտարկել։ Ամեն ինչի հետևում հոգեբանական խախտում չի կարելի որոնել։ Ա՛յ, այն դեպքում, երբ պաթոլոգիական թերարժեքություն կա, և մարդը սխալ է ընկալում իր արտաքինը, նույնիսկ այնտեղ պաթոլոգիա չկա։ Երբ որ մարդը նայում է իր արտաքինին և գտնում է, որ իր մարմնի ինչ–որ մի մասը արժե, որ լինի կատարյալ, հիմա էլ բժշկությունը դա թույլ է տալիս, նույնիսկ սա՛ պաթոլոգիա չէ։ Մարդը գնում է մարմնի ինքնակատարելագործման. ինքն է, իր մարմինը, դա իր որոշումն է։ Պաթոլոգիան այնտեղ է, երբ կա սխալ ընկալում։

–Պաթոլոգիա չէ՞, երբ քաղաքական գործիչները մազ են կրակում կամ հակառակը՝ սափրում են։ Վերջին շրջանում մեր երկրում սա շատ տարածված է։ Չէ՞ որ դա էլ է արտաքինի սխալ ընկալման ձև։

Սա պաթոլոգիա չէ։ Օրինակ Բեռլուսկոնին, մենք գիտենք, որ ճաղատ էր, հիմա բավականին լավ «շիվիլյուռա» ունի, կամ նման այլ մարդիկ։ Նրանք մարդիկ են, ովքեր մե՛ծ նշանակություն են տալիս իրենց արտաքինին, հոգեբանորեն չեն հաշտվում իրենց տարիքի առաջ գնալու, ծերանալու հանգամանքի հետ, և եթե նաև ունեն այդ հնարավորությունները, իրենք կանգ չեն առնում՝ ցանկացած հնարավորությունն օգտագործել երիտասարդությունը, գեղեցկությունն ավելի երկար պահելու համար։ Սա ես չեմ համարում, որ պաթոլոգիա է։ Սա կարող է մի քիչ ավելի շատ ուժեղ ֆիքսվածություն լինի սեփական արտաքինի նկատմամբ, բայց սա նույնպես ինչ–որ ռացիոնալ սահմաններում պաթոլոգիա համարել չի կարելի։

–Իսկ քաղաքական պայմանների սրացումը և ճգնաժամը նպաստո՞ւմ են, որ մարդն արտաքինը փոխելու որոշում կայացնի։

–Քաղաքական սրացումների դեպքում ուղիղ կապեր չկան դրա հետ։ Միշտ չէ, որ երևույթների միջև անպայման կապեր կան։

–Իսկ եթե ավելի կոնկրետ խոսենք, հենց վերջին թարմ օրինակներից մեկը՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հանկարծակի սափրել է բեղերը։ Դա ի՞նչ է նշանակում։

Ես որքան նկատում եմ, վերջին ժամանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ–որ, թե՞ առողջությամբ, թե՞ արտաքին տեսքով է սկսել հետաքրքրվել, որովհետև ես իրեն բավականին նիհարած եմ տեսնում վերջերս։ Այսինքն, մարդը երևի որոշել է, կենսակերպի առողջ լինելու, իրեն ավելի թեթև զգալու համար, արդեն որոշ ժամանակ առաջ սկսել է մտածել այդ մասին։ Դա կարող է հարազատների թելադրանքով, հուշումներով լինի, ես չգիտեմ։ Մարդն ամբողջ կյանքը բեղերով է ապրել, հիմա էլ  որոշել է փոխել իր արտաքին տեսքը. գուցե մի քիչ նոր տպավորություններ հուշելու մարդկանց, ընդհանրապես նորովի ընկալվելու, ուշադրության կենտրոնում լինելու համար։ Բայց ես չեմ կարծում, որ դա էական հարց է։ Մանավանդ մեր հասարակության մեջ, որ բազմաթիվ խնդիրներ կան, միայն արտաքին տեսքի մեջ փոփոխություն մտցնելու, ուշադրություն հրավիրելու հանգամանքը շատ չնչին է։ Ուղղակի, քաղաքական գործիչն իր գործունեությամբ կարող է ավելի շատ երևալ, և պարոն Հովհանիսյանը, ես կարծում եմ, այն գործիչներից է, որ հենց երևում է։ Ինչ–որ արտաքին սուր զգացողություններ առաջացնելու, երևալու խնդիր, չեմ կարծում, որ ունի։

Այս խորագրի վերջին նյութերը