Աշխարհ

28.03.2020 19:42


COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 617 հազարը

COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 617 հազարը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 617 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 28 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 137 հազար 336: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վիճակագրություն

Վիրուսից վարակվածների թվով մարտի 28-ի դրությամբ առաջին տեղում ԱՄՆ-ն է։ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 104 հազար 277-ի, մահացածներինը՝ 1704: ԱՄՆ-ին հաջորդում է Իտալիան՝ 86 հազար 498 դեպքով: Մահացածների ցուցանիշը 9 հազար 134 է: Վարակվածության թվով աշխարհում երրորդը Չինաստանն է, որտեղից սկսվել էր բռնկումը: Այստեղ վերջին 24 ժամվա ընթաքում գրանցվել է վարակվածության ընդամենը 54 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 81 394 է, վիրուսից ապաքինվել է 74 971, մահացել՝ 3295 մարդ: Վարակվածության ցուցանիշով չորրորդ տեղում Իսպանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 72 հազար 248 է: Այստեղ անհանգստացնող է թե նոր դեպքերի, թե մահվան ցուցանիշի աճի տեմպը: Մասնավորապես, մեկ օրում գրանցվել է մահացության 552 դեպք: Ընդհանուր առմամբ մահացել է 5 հազար 690 մարդ: Երկրում վարակվածության նոր դեպքերի թիվը 6 հազար 529 է: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Իսպանիային հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 53 հազար 340 է: Այստեղ գրանցվել է նոր հաստատված 2 հազար 469 դեպք:
Կորոնավիրուսի նոր հաստատված 3 հազար 76 դեպք գրանցվել է Իրանում: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 35 հազար 408 է, մահացածներինը՝ 2 հազար 517: Ֆրանսիայում վարակի հաստատված դեպքերի թիվը 32 հազար 964 է, Մեծ Բրիտանիայում՝ 14 543, Շվեյցարիայում՝ 13 հազար 377, Նիդերլանդներում՝ 9 հազար 762:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 85 դեպք կա, Ռուսաստանում` 1264, Թուրքիայում՝ 5 հազար 698:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:

ԱՄՆ-ն կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով 100 հազարը գերազանցած առաջին երկիրն է

Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը: The Guardian-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի պատմության ընթաքում տնտեսական օգնության ամենախոշոր փաթեթի վերաբերյալ օրենքը՝ 2,2 տրիլիոն դոլար արժողությամբ օրինագիծը, որը նախատեսված է աշխատողներին և ձեռնարկություններին տրվող դաշնային օգնությունն արագացնելու համար:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի 27-ին աճել է 15 հազարով: Նյու Յորքում հոսպիտալացված է կորոնավիրուսով վարակված 6000 մարդ, որոնցից մոտ 1600-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նյու Յորքի, Նոր Օռլեանի, Դեթրոյթի և վիրուսի տարածման այլ թեժ կետերի հիվանդանոցները ահազանգել են դեղերի, դեղորայքի և վերապատրաստված անձնակազմի պակասի մասին:

Բրազիլիայի կառավարությունը բոլոր օտարերկրացիների համար 30 օրով փակում է երկրի օդային սահմանները կորոնավիրուսի պատճառով

Բրազիլիայի արդարադատության և հասարակական անվտանգության նախարարությունը հայտնել է, որ 30 օրով արգելվում է բոլոր օտարեկրացիների մուտքը Բրազիլիա՝ անկախ ազգությունից:

Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին, ինչպես նաև Բրազիլիայի քաղաքացիներին, միջազգային առաքելություն իրականացնող օտարերկրացիներին, բրազիլացիների մոտ բարեկամներին:

Նախօրեին Բրազիլիայի իշխանություններն արգելել են արտասահմանցիներին երկրի նավահանգիստներում իջնել։

Ներկա պահին Բրազիլիայում վարակվածների թիվը հասնում է 3 477-ի, մահացել է 93 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով՝ հասնելով 1264-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Վարակի հաստատված դեպքերից 114-ը գրանցվել են Մոսկվայում: Այս պահի դրությամբ ապաքինվել է 49 մարդ:

«Ռուսաստանի Դաշնության 62 շրջաններում այսօրվա դրությամբ արձանագրված է 1264 դեպք: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 4 մարդ, ընդհանուր առմամբ՝ ապաքինվածների թիվը 49 է»,- ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրությունում:

Նշվում է, որ կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել Մոսկվայում: Ընդհանուր թվով՝ 4 ռուսաստանցի է մահացել կորոնավիրուսի հետևանքով:

Կորոնավիրուսի հետևանքով մահացածների և վարակվածների թվով Իսպանիան Եվրոպայում երկրորդն է՝ Իտալիայից հետո

Նոր տիպի կորոնավիրուսի պատճառով Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 832 մարդ, ինչի արդյունքում մահերի թիվը հասել է 5690-ի։ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ մեկ օրում հաստատվել է վարակման 8189 նոր դեպք, ընդհանուր թիվը կազմում է 72 248։ Ծանր վիճակում գտնվում է 4 հազար 500 պացիենտ։ 12 հազար 300 քաղաքացի արդեն ապաքինվել է։ Փաստացի բուժվողների թիվը Իսպանիայում կազմում է ավելի քան 54 հազար։

Մադրիդում հայտնաբերվել է 21 հազար 500 COVID-19-ի դեպք, մահացել է 2 հազար 800 անձ, իսկ Կատալոնիայում՝ 14 հազար 3 հարյուր դեպք, մահացել է ավելի քան հազար պացիենտ։

Կորոնավիրուսի հետևանքով մահացածների և վարակվածների թվով Իսպանիան Եվրոպայում երկրորդն է՝ Իտալիայից հետո։ Իսպանիայի կառավարությունը մարտի 14-ից երկրում սահմանել է 15-օրյա բարձր պատասխանատվության ռեժիմ՝ սահմանափակելով մարդկանց տեղաշարժը։ Մարտի 26-ին Իսպանիայի խորհրդարանը երկարաձգել է այդ ժամկետը մինչև ապրիլի 11-ը ներառյալ։

Վրաստանում կարանտինի մեջ գտնվում է 4641 մարդ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ հասել է 85-ի։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում հիվանդության վերահսկողության և մոնիտորինգի կայքը։

Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մինչև ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն են հայտարարել։ Արտակարգ դրությունը ենթադրում է տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, ինչպես նաև տասը հոգանոց խմբով մարդկանց հավաքվելու դեպքում նրանց նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել։

«Վարակման հաստատված դեպքերի թիվը 85 է, որից ապաքինվել է 14 մարդ։ Կարանտինի մեջ է գտնվում 4641, հսկողության տակ՝ 239 մարդ»,-ասվում է կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը